«Ինտերը» հայտարարեց գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։
«Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Անտոնիոյին կատարած աշխատանքի ու այն կուլմինացիայի համար, որը դարձավ «Ինտերի» 19-րդ տիտղոսը։
Անտոնիո Կոնտեն ընդմիշտ կմնա մեր ակումբի պատմության մի մասնիկը»,- ասվում է «ներաձուրիների» հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 51-ամյա մասնագետը պայմանագրի խզման համար կստանա 7 մլն եվրո։ Որոշ աղբյուրներ պնդում էին, որ իտալացի մասնագետը տարաձայնություններ ունի ակումբի ղեկավարության հետ։
Կոնտեն «Ինտերում» աշխատում էր 2019 թվականից։ Միլանյան ակումբում աշխատելու երկրորդ մրցաշրջանում մարզիչն ակումբին տարավ 2010 թվականից ի վեր առաջին չեմպիոնությանը ներքին առաջնությունում։