«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն ամփոփել է ընթացիկ մրցաշրջանի արդյունքները, որում թուրինյան թիմն ապահովեց իր մասնակությունը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին, ինչպես նաև պատասխանել է ակումբում իր ապագայի մասին հարցին․
«Ինձ համար կարևոր էր մրցաշրջանում աշխատանքն ավարտելը Իտալիայի Գավաթում հաղթանակով և Չեմպիոնների լիգա դուրս գալով։ Դա շատ կարևոր նպատակ էր։ Ես միշտ 100 տոկոսով եմ նվիրվում իմ աշխատանքին, և ահա արդյունքը։ Նրանք, ովքեր պետք է որոշում կայացնեն իմ ապագայի հարցում, կանեն դա։
Ես ինձ տեսնում եմ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ հաջորդ մրցաշրջանում։ Ուրախ կլինեի այդ մասին հայտարարել պաշտոնապես, բայց հիմա մենք միայն կարող ենք վայելել այս նվաճումը։
Հաջորդ մրցաշրջանում «Յուվենտուսն» ավելի ուժեղ կլինի։ Որոշ ֆուտբոլիստներ գաղափար անգամ չունեն, թե իրենք ինչ պոտենցիալ ունեն և թե որքան լավն են։ Մենք ճիշտ ճանապարհի վրա կլինենք, եթե օգնենք մեկս մյուսին և միասին հասնենք մեր նպատակին։ Ավարտված մրցաշրջանում մեզ դա չհերիքեց։ Եթե հաջորդ մրցաշրջանն էլ միասին սկսենք, ավելի լուրջ հիմք կունենանք։
Ես երբեք վախ չեմ ունեցել։ Ինձ ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի կազմակերպեմ մարզումային գործընթացը, որպեսզի տղաներին հասցնեմ իմ ցանկությունները։ Հեշտ չէր սկսել աշխատանքն այսքան շատ չեմպիոնների հետ, բայց բոլորն օգնեցին ինձ։ Ես ավելի լավն եմ դարձել։ Մրցաշրջանը դժվար էր, բայց այն նպաստեց իմ աճին»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։