Պորտուգալական «Բելենենսեշը» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին անսովոր պայմանագիր է առաջարկել․
«Մենք լսել ենք, որ Դուք նոր մարտահրավեր եք փնտրում և պատրաստ եք լսել «խելահեղ և խթանող» առաջարկ։ Այդ իսկ պատճառով որոշել ենք Ձեզ առաջարկել մի բան, որն անդիմադրելի է․ ի՞նչ կասեք Լիսաբոն տեղափոխվելու և օգնելու մեզ՝ պորտուգալական ֆուտբոլում մեր տեղը՝ Առաջին լիգա, վերադառնալու մասին։
Մենք համեստ ենք, իրատես և անկեղծ։ Մենք Ձեզ գումար չենք առաջարկելու,այլ հնարավորություն Ձեր անունը կապելու այլ մարտահրավերի հետ, որը կարող են ընդունել միայն կենդանի լեգենդները՝ Ձեզ պես։ Դուք արդեն Ձեր ուրույն տեղն ունեք ֆուտբոլի պատմության մեջ, բայց այստեղ Դուք կարող եք բարձրանալ Օլիմպի գագաթին։ Պայմանագրում մենք անպայման կներառենք արվեստի, ճարտարապետության և տեխնոլոգիայի թանգարանների տարեկան աբոնեմենտներ, ինչպես նաև շաբաթական մեկ անգամ ընտանիքով ավտոբուսների թանգարան, Հայտնագործությունների հուշարձան, Տորրի դի Բելեն աշտարակ և Ժերոնիմուշի վանք այցելելու հնարավորություն, ի դեպ վերջին երկուսն ընդգրկվված են ՅՈՒՆԵՍԿՈՅԻ համաշխարհային ժառանգության ցանկում։
Պայմանագրում նաև ներառված կլինի պորտուգալական ամենահայտնի քաղցրավենիքներով շաբաթական փաթեթ, որոնք Դուք կարող եք վայելել՝ առանց խախտելու Ձեր դիետան։ Իսկ «Ռեստելո» մարզադաշտում Դուք կունենաք Ձեր առանձին ընտանեկան գոտին»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ։
Բուֆոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանից ավարտից հետո մտադիր է հեռանալ «Յուվենտուսից» , բայց պատրաստ է շարունակել խաղալ, եթե հետաքրքիր առաջարկ ստանա։