Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Sport24-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի հավաքական հրավիրվելը ու պատմել, թե ինչպես են ավելի ավագ տարիքի ֆուտբոլիստներն իրեն ընդունել։ Ռուսաստանի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը․
«Իհարկե, շատ ուրախ եմ, որ հրավիրվել եմ հավաքական։ Դա, կարելի է ասել, երազանք էր, առավել ևս Եվրոպայի առաջնությունը։ Ինչ վերաբերում է անձամբ Չերչեսովի հետ զրույցին, ապա նման բան դեռ չի եղել։ Բոլորս հասկանում ենք, որ առաջին խաղերին պետք է օպտիմալ մարզավիճակով մոտենալ ու մենք պատրաստվում ենք դրան։
Ինչպե՞ս եմ գնահատում կյանքումս փոփոխությունները․ հանգիստ։ Սա ֆուտբոլ է․ եթե լավ ես խաղում, ամեն ինչ լավ է լինում»։
-Ինչպե՞ս ընդունեցին քեզ։
-Հիանալի։ Շնորհավորեցին հրավերի առթիվ։ Շատ լավ կոլեկտիվ է։ Ձյուբան ևս միանգամից շնորհավորեց։ Նա շատ կատակասեր է, մթնոլորտ է ստեղծում։ Արդեն գնահատել եմ նրա հումորը։
-Հիմա 17 տարեկան ես։ Հավաքանում կան տղաներ, ովքեր քեզնից 20 տարով մեծ են։ Ինչպե՞ս է ստացվում օրինակ Ժիրկովի հետ շփումը։ Գուցե, սկզբում ամաչո՞ւմ էիր նրան մոտենալ։
-Իհարկե, սկզբում կար անհանգստություն, թե ամեն ինչ ինչպես կանցնի։ Սկզբում Ժիրկովի հետ «դուք»-ով էի շփվում, բայց հետո աշխատանքի ընթացքում սովորեցի ու անցա «դու»-ի։
-Եթե ընդգրկվես հավաքականում ու խաղաս, կգերազանցես Ակինֆեևի ռեկորդը՝ որպես հավաքականում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ։ Դա նպատա՞կ է քեզ համար։
-Իհարկե։ Ցանկանում եմ մասնակցել նման մեծ մրցաշարին։ Չգիտեի այդ ռեկորդի մասին, այդ իսկ պատճառով հանգիստ եմ դրան վերաբերվում։
-Իսկ նման մեծ ուշադրությունը քեզ ճնշո՞ւմ է։
-Ոչ, հանգիստ եմ վերաբերվում։ Փորձում եմ շատ չհետևել այն ամենին, ինչ գրում են լրատվամիջոցներում։ Առավելագույնը կարդում եմ այն, ինչ ինձ ուղարկում են, բայց հատուկ ոչինչ չեմ կարդում։