Չնայած ֆինանսական խնդիրներին՝ «Բարսելոնան» այս ամառ կփորձի փոխել կազմը։ Հարձակվող Անտուան Գրիզմանը կատալոնական թիմից հեռանալու գլխավոր թեկնածուն է։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Գրիզմանին ձեռք բերելով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Նրանք հարձակվողին դիտարկում են՝ որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինողի, որը, հավանաբար, ամռանը կհեռանա թիմից։ Գործարքի իրագործմանը խանգարում է այն, որ իտալական ակումբը նույնպես ֆինանսական խնդիրներ ունի։ Այդ պատճառով տրանսֆերի տարբերակն անհնարին է թվում, դրա համար էլ կատալոնական ակումբը ավելի իրատեսական է համարում Գրիզմանին վարձակալությամբ և գնման իրավունքով տալ «Յուվեին»։
«Բարսելոնան» կարծում է, որ ֆրանսիացի հարձակվողի կորուստը շատ չի ազդի ակումբի վրա՝ հաշվի առնելով Սերխիո Ռամոսի ու Մեմֆիս Դեպայի հավանական տրանսֆերները։