ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն իր վերաբերմունքն է արտահայտել այն հանգամանքին, որ հանդիսանում է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն, ինչպես նաև խոստովանել է, որ երբեմն ցանկանում է ավելի հանգիստ ռիթմով ապրել․
«Իմ գլուխը չի պտտվում այն մտքից, որ հանդիսանում եմ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Այդ գումարն իմ գրպանը չի գնում, այդ իսկ պատճառով ես այդ մասին չեմ մտածում։ Ես պարզապես վայելում եմ ամեն օրն ու գիտեմ, որ ես հաջողակ մարդ եմ։ Ցանկանում եմ հաղթել ու վերջ։
Գոհ եմ իմ կյանքից։ Երբեմն ցանկանում եմ մի փոքր ավելի հանգիստ կյանքով ապրել, բայց ունենք այն, ինչ ունենք։ Իմ կյանքում կան և՛ դրական և՛ բացասական կողմեր, բայց ես երջանիկ եմ»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Marca -ն։
Ավելի վաղ նիդերլանդական KPMG աուդիտորական ընկերությունը ներկայացրել էր մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը։ Մբապեն գլխավորել էր այն՝ 189 մլն եվրո արժեքով։
Կիլիանը կարիերան սկսել է «Մոնակոյում», իսկ 2017 թվականին տեղափոխվել է ՊՍԺ։ Այդ տարվանից սկսած նա հրավիրվում է Ֆրանսիայի հավաքական։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը Ֆրանսիայի առաջնության 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 26 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։