ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն իր դժգոհությունն է հայտնել մրցավար Ժերեմի Պինյարի՝ Ֆրանսիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Մոնպելյեի» հետ խաղում ընդունած որոշումների վերաբերյալ։
Հանդիպումը կայացել է երեկ՝ մայիսի 12-ին։ 86-րդ րոպեին՝ 2-2 հաշվի պայմաններում, փարիզյան ակումբի մարզչական շտաբը դաշտ է դուրս բերել Նեյմարին։ Բրազիլացին շուտով դեղին քարտ է ստացել։ ՊՍԺ-ն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 6-5 հաշվով առավելության է հասել, 11-մետրանոցներից մեկն էլ անվրեպ է իրացրել Նեյմարը։ Բայց բրազիլացին չի խաղա եզրափակչում՝ որակազրկման պատճառով․
«Ես ընդամենը 5 րոպե է՝ խաղի մեջ եմ, խախտում եմ կանոնները, ու մրցավարն, առանց մտածելու, ինձ դեղին քարտ է ցույց տալիս։ Շնորհակալ եմ, որ ինձ զրկեցիք եզրափակչից։ Թվում է՝ այստեղ ինչ-որ անձնական բան կա»,- գրել է Նեյմարը Instagram-ում։
Ֆրանսիայի Գավաթի եզրափակչում ՊՍԺ-ն պետք է մրցի «Ռումիյի Վալյեր»-«Մոնակո» զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 13-ին, և կմեկնարկի ժամը 23։15-ին։