«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի պաշտպան Մարսելոյին չի ընդգրկել Պրիմերայի 36-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղի հայտացուցակում։ Հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 13-ին։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Երեկվա մարզման ժամանակ ֆուտբոլիստի և մարզչի միջև տարաձայնություն է տեղի ունեցել պաշտպանական մարտավարության վերաբերյալ, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել Մարսելոյին չընդգրկել առաջիկա խաղի հայտացուցակում։
Հաղորդվում է, որ Մարսելոն գոհ չէ այն բանից, որ թիմում իր ազդեցությունը նշանակալիորեն նվազել է։ Իրավիճակը կարող է լրջորեն ազդել բրազիլացու՝ մադրիդյան ակումբում ապագայի վրա, քանի որ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը։
Ավելի վաղ «Ռեալը» ներկայացրել էր «Գրանադայի» հետ խաղի հայտացուցակը, որում 4 պաշտպան էր ընդգրկվել, ընդ որում նրանցից մեկը «Կաստիլիայի» 19-ամյա խաղացող Միգել Գուտյերեսն է։