Անգլիական Պրեմիեր-լիգայի 35-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս մրցել է «Մանչեսթեր Սիթիին» ու 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել վերջին րոպեներին։
Հանդիպման հաշիվն առաջին կեսի վերջին րոպեին բացել է տանտերերի անգլիացի հարձակվող Ռահիմ Սթերլինգը՝ գրավելով դատարկ դարպասը։ Մինչև ընդմիջում, Գվարդիոլայի սաները հաշիվը կրկնապատկելու հնարավորություն են ստացել, սակայն Սերխիո Ագուերոն, փորձելով պանենկա հարվածով դառնալ գոլի հեղինակ, շատ թույլ է հարվածել ու լոնդոնցիների դարպասապահ Էդուարդ Մենդին հեշտորեն որսացել է գնդակը։
Երկրորդ կեսի միջնամասում՝ 63-րդ րոպեին «Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշը հիանալի գոլով հավասարեցրել է հաշիվը, իսկ Մարկոս Ալոնսոն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին խփել է հաղթական գնդակն ու զրկել «Մանչեսթեր Սիթիին» ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոնությունն ապահովելու հնարավորությունից։
«Մանչեսթեր Սիթին» 35 խաղից հետո 80 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում։ Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցնի մնացած 5 խաղերից թեկուզ մեկում, ապա «Սիթին» կդառնա չեմպիոն։ «Չելսին» 64 միավորով երրորդ տեղում է։
Հիշեցնենք՝ այս թիմերը մայիսի 29-ին Ստամբուլում կվիճարկեն Չեմպիոնների լիգայի Գավաթը՝ ուժերը չափելով եզրափակչում։