Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցել է «Կրոտոնեի» հետ ու երկու անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը։
Երկու գոլն էլ հյուրերը խփել են երկրորդ կեսում․ հանդիպման հաշիվը 69-րդ րոպեին բացել է Քրիստիան Էրիկսենը՝ Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո գրավելով տանտերերի դարպասը, իսկ հիմնական ժամանակին ավելացրած վերջին՝ երրորդ րոպեին Աշրաֆ Հաքիմին ձևակերպել է խաղի վերջնահաշիվը՝ երկրորդ գնդակն ուղարկելով «Կրոտոնեի» դարպասը։
Նշենք՝ խաղավարտին՝ 83-րդ րոպեին, Լուկակուն ևս գոլի հեղինակ է դարձել, սակայն VAR-ի օգնությանը դիմելուց հետո՝ գլխավոր մրցավարը չի արձանագրել բելգիացու գոլը՝ խաղից դուրս վիճակի պատճառով։
Այս հաղթանակի շնորհիվ Անտոնիո Կոնտեի սաները իրենց միավորների թիվը հասցրեցին 82-ի ու շարունակում են գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ատալանտային» գերազանցելով 14 միավորով։ «Ատալանտան» մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Ինտերը» կդառնա Ա Սերիայի չեմպիոն, եթե «Ատալանտան» մայիսի 2-ին չհաղթի «Սասուոլոյին»։
«Կրոտոնեն» 34 խաղից հետո 18 միավոր ունի իր ակտիվում ու եզրափակում Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։