Անգլիական Պրեմիեր-լիգայի 33-րդ տուրում «Լիդս Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Մանկունիացիներն ԱՊԼ-ում իրենց անպարտելի շարքը հասցրին 13-ի, իսկ «Լիդսն» Անգլիայի առաջնության 6-րդ խաղում անընդմեջ չեն պարտվել։
Մարսելո Բիելսայի սաները 33 խաղից հետո վաստակել են 47 միավոր ու բարձրացել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ «Մաչեսթեր Յունայթեդը» 67 միավորով 2-րդ տեղում է՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 10 միավորով։
Ի դեպ, «Լիդս Յունայթեդի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումները հայտնի են «վարդերի դիմակայություն» անվանմամբ։ Այս մրցակցության ակունքները կապված են պատմական երկու կոմսությունների՝ Լանկաշիրի (ՄՅՈՒ) և Յորքշիրի («Լիդս») միջև թշնամանքի հետ, որոնք սկիզբ են առել Սպիտակ և Կարմիր վարդերի պատերազմում (15-րդ դար)։
Հաջորդ տուրում «Լիդս Յունայթեդը» հյուրընկալվելիս կմրցի «Բրայթոնի» հետ։ Հանդիպումը կկայանա շաբաթ՝ մայիսի 1-ին։ Մանկունիացիները կիրակի՝ մայիսի 2-ին, կընդունեն «Լիվերպուլին»։