Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիան» ընդունել է «Ֆրայբուրգին»: Հանդիպումը կայացել է «Բորուսիա-Պարկ» մարզադաշտում և ավարտվել տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով:
Առաջին կեսից հետո հյուրերը առաջ էին հաշվի մեջ. 10-րդ րոպեին Ռոլանդ Շալային էր դարձել գոլի հեղինակ ու առաջ մղել «Ֆրայբուրգին»: Բայց երկրորդ կեսում տանտերերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու կամային հաղթանակ տարան: Նախ 53-րդ րոպեին Մարկու Տյուրամը հավասարեցրեց հաշիվը, ապա 7 րոպե անց Տյուրամը դուբլ ձևակերպեց:
69-րդ րոպեին «Բորուսիան» կարող էր նաև երրորդ գնդակը խփել, բայց VAR-ի օգնությանը դիմելուց հետո մրցավարը չեղարկեց Լարս Շտինդլի գոլը: Ավելացված 5-րդ րոպեին էլ «Ֆրայբուրգը» հավասարեցրել է հաշիվը, բայց VAR-ին դիմելուց հետո, մրցավարն արձանագրել է խաղից դուրս վիճակ:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» իր միավորների թիվը հասցրել է 39-ի և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ֆրայբուրգը» 37 միավորով գտնվում է 9-րդ տեղում: