ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել հինգ փոխարինումների կանոնները տարածել Եվրո-2020-ի և Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարի խաղերի վրա, ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում: Այս կանոնն ի սկզբանե ներդրվել է կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ կապված:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրո-2020-ը հնարավոր է անցկացվի Սանկտ Պետերբուրգում և Լոնդոնում: Իրադարձությունների նման զարգացումը հնարավոր է, եթե ՈՒԵՖԱ-ն որոշի կրճատել հանդիպումները հյուրընկալող քաղաքների թիվը: Երկու քաղաքներն էլ ՈՒԵՖԱ-ին երաշխիքներ են տվել, որ պատրաստ են հյուրընկալել հնարավորինս շատ երկրպագուների:
Եվրո-2020-ը պետք է տեղի ունենար անցյալ տարի, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց մինչև 2021-ի ամառ: Նախատեսվում է, որ Եվրո-2020-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը 12 քաղաքներում։