Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը վաղը Լիխտենշտեյնի հետ կայանալիք խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
-Հովհաննես, լավ մարզավիճակում ես գտնվում և մշտապես խաղում «Անորտոսիսի» կազմում։ Ի՞նչ ակնկալիքներ կան առաջիկա խաղերից։
-Ճիշտ է, լավ մարզավիճակում եմ գտնվում։ Պատրաստվում եմ ողջ ուժերս ներդնել առաջիկա հանդիպումներում, որպեսզի ունենանք հնարավոր լավագույն արդյունքը և ուրախացնենք երկրպագուներին։
-Դատելով տեսանյութերից՝ հավաքականում հիանալի ընկերական մթնոլորտ է։ Ըստ քեզ՝ որքանո՞վ այդ համախմբվածությունը կարող է նպաստել դրական արդյունքներին։
-Հավաքականում, իսկապես, շատ լավ մթնոլորտ է։ Անգամ դաշտում վերջին երկու խաղերին ցույց տվեցինք, որ չնայած լուրջ կորուստներին՝ այս համախմբվածությունը կարող է մեզ լավ արդյունքի բերել։
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի հնարավորությունները ԱԱ 2022-ի ընտրական փուլում։ Խումբը հաղթահարելի՞ է։
-Հայտնվել ենք բարդ խմբում, սակայն պետք է փորձենք անել ամեն ինչ՝ մեր խաղը բարելավելու և լավ արդյունքներ գրանցելու համար։ Վերջում արդեն պարզ կլինի, թե որ տեղը կզբաղեցնենք խմբում։
Լիխտենշտեյն-Հայաստան խաղը կկայանա վաղը՝ մարտի 25-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: