Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը, ով նաև աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող է, Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո ամփոփել է իր ելույթն ու պատասխանել լրագրողների հարցերին.
«Լավ էինք պատրաստվել: Գնացել էինք միայն վարկանիշ ձեռք բերելու նպատակով: Վստահությունը մեզ ուժ տվեց ու մենք հասանք մեր նպատակին: Հաղթեցինք, քանի որ հանգիստ էինք, իսկ հանգստությունը գալիս է վստահությունից, իսկ վստահությունը՝ լավ աշխատանքից:
Ադրբեջանցու հետ գոտեմարտից մի օր առաջ լարվածություն կար, բայց գոտեմարտի օրը լարվածությունը մեջիցս դուրս եկավ, ու Ալևին նայում էի որպես մրցակից, այլ ոչ թե որպես ադրբեջանցու կամ թշնամու:
Ինչ վերաբերում է Օլիմպիական խաղերին, ապա պետք է ասեմ, որ դեռ ժամանակ կա ու պետք է ավելի լավ պատրաստվել»:
Հարցին, թե ինչպես է վերաբերում հանրության արձագանքներին ու իր՝ Օլիմպիական չեմպիոն դառնալու հնարավորությանը, Վազգենն ասաց.
«Հավատում եմ, որ կարող եմ չեմպիոն դառնալ, իսկ հանրության հավատն ավելի է ոգևորեցնում, կփորձեմ արդարացնել սպասելիքները:
Հարց հնչեց, թե Արսենն ու Վազգենը մինչ Տոկիո-2020-ն ինչ կցանկանային Ոսկե Ձկնիկից, որին Արսենը պատասխանեց.
«Ես ոսկե Ձկնիկից խնդրեի, որ ով ուղեգիր չի նվաճել, թող նվաճի, իսկ ով նվաճել է, թող ոսկե մեդալով վերադառնա»:
Նույն հարցին Վազգենը պարզապես ավելացրեց, որ ամեն ինչ Արսենն ասաց, ցանկանալու ոչինչ չմնաց: