Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Աթլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո բարձր է գնահատել «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի Զինեդին Զիդանի ներդրումը:
«Մենք խաղում էինք առանց հիանալի ֆուտբոլիստների` Էդեն Ազարի, Գարեթ Բեյլի և Կարիմ Բենզեմայի: Զիդանը կարողացավ հավաքել թիմին ու նվաճել այս տիտղոսը:
Ես կարծում եմ` մենք ճիշտ ճանապարհի վրա ենք`ոչ մեծ անկումից հետո վերադառնալու համար: Զիդանը ջերմ հարաբերությունների մեջ է Մադրիդի հետ: Նա որոշել էր հանգստանալ և հիմա վերադարձել է մեծ էներգիայով: Զիդանը երկնքի պարգև է»,- Պերեսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ֆրանսիացի մասնագետն «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած 9 եզրափակիչներում էլ հաղթել է: Բացի դա, Զիդանն առաջին տիտղոսն է նվաճել` 2019 թվականին «Ռեալ» վերադառնալուց հետո:
Հիշեցնենք` Զիդանն առաջին անգամ «Ռեալը» գլխավորել է 2016 թվականին: Նրա գլխավորությամբ մադրիդյան ակումբը հաղթել է Չեմպիոնների լիգայի 2015/16, 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում:
«Ռեալը» նաև նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը 2016 և 2017 թվականներին, նույն թվակններին դարձել է նաև աշխարհի ակումբային առաջնության հաղթող, ինչպես նաև նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը 2017 թվականին: 2018 թվականի մայիսին մասնագետը հայտարարեց «Ռեալից» հեռանալու մասին, ուր վերադարձավ 9 ամիս անց: