Իտալական Ա Սերիայի 26-րդ տուրում «Ֆիորենտինան» ընդունել է «Պարմային» և ոչ-ոքի՝ 3-3 հաշվով ավարտել հանդիպումը:
Հաշիվը բացվել է 28-րդ րոպեին. «Ֆիորենտինայի» պաշտպան Լուկաս Կուարտան է դարձել գոլի հեղինակ ու առաջ մղել տանտերերին: 32-րդ րոպեին, սակայն, «Պարմայի» կիսապաշտպան Յուրայ Կուցկան հավասարեցրել է հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: 42-րդ րոպեին Նիկոլա Միլենկովիչը նորից առաջ է մղել «Ֆիորենտինային»:
Երկրորդ կեսում՝ 72-րդ րոպեին, հյուրերի կիսապաշտպան Յասմին Կուրտիչը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը: 90-րդ րոպեին ռումինացի հարձակվող Վալենտին Միխայլեն խփել է «Պարմայի» երրորդ գնդակն այս խաղում, բայց ավելացված ժամանակում Սիմոնե Յակոպինին գրավել է սեփական դարպասն ու ոչ-ոքի պարգևել «Ֆիորենտինային»:
Այս հանդիպումից հետո «Ֆիորենտինան» վաստակել է 26 միավոր ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Պարման» 16 միավորով 19-րդ տեղում է: