Սամբոյի 2018 թվականի Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող, արցախցի Սերգեյ Կարապետյանը շուրջ երեք ամիս է, ինչ կոմայի մեջ է:
Սերգեյը վիրավորվել է նոյեմբերի 3-ին՝ Սղնախ գյուղում՝ Շուշիի պաշտպանության համար մարտերի ընթացքում: Նախորդ ամիս ArmSport-ն այցելել էր վերականդանացման բաժանմունքում գտնվող մարզիկին, զրուցել ծնողների հետ:
Դեռևս դեկտեմբերին Սերգեյի ծնողները հայտնել էին, որ տղային բուժման համար անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր:
Արդեն երկու ամիս է, ինչ կոմայի մեջ գտնվող Սերգեյին չեն կարողանում տեղափոխել արտերկիր. Սերգեյի հոր՝ Արսեն Կարապետյանի խոսքով երկրից դուրս գնալն անընդհատ ձգձվում է, և իրենց էլ կոնկրետ ոչինչ չեն ասում.
«Սերգեյին Հունաստան տեղափոխելու համար անհրաժեշտ ամբողջ գումարը կա: Հիվանդանոցում բուժման համար գումարն արդեն գրեթե ամբողջությամբ մուծված է: Ինքաթիռի հետ էլ արդեն պայմանավորվածություն կա: Մնում է վիզայի հարցը լուծվի: Շատ մարդիկ են խառնվել այս հարցին: Արտգործնախարարին էլ ենք դիմել, նույնիսկ Արցախի նախագահն էլ է անձամբ խնդրել Հայաստանի ԱԳՆ-ին: Կոնկրետ ոչինչ չեն ասում: Ես ուզում եմ իմանալ` ստացվում է, թե՞ ոչ: Հիմա ցանկանում ենք Մոսկվայի թղթերն էլ պատրաստել, որպեսզի եթե չստացվի Հունաստան մեկնելը, ժամանակ չկորցնենք ու միանգամից տեղափոխենք Մոսկվա: Մեզ համար ամեն օրը կարևոր է: Սերգեյին շտապ վիրահատություն է անհրաժեշտ»,-ասում է մարզիկի հայրը:
Արսեն Կարապետյանի խոսքով վերջին խոսակցությունը եղել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ. «Ինձ ասացին, որ արտգործնախարարը զբաղվում է այդ հարցով, բայց արդեն 4 շաբաթ է զբաղվում են, ու դեռ կոնկրետ պատասխան չկա: Հիմա սպասում ենք թե ինչ պատասխան կստանանք: Նույնիսկ Հունաստանում Հայաստանի դեսպանն է խառնվել այս հարցին, ու չի ստացվում: Հանդիպել է նույնիսկ Հունաստանի պաշտպանության նախարարի հետ: Խնդիրը նրանում է, որ շենգեն զոնան կորոնավիրուսի հետ կապված հիմա փակ է: Ինձ կոնկրետ պատասխան է պետք, եթե ստացվում է՝ ստացվում է, եթե չէ՝ երեխային վերցնեմ տանեմ Մոսկվա»,-ասում է Արսեն Կարապետյանը: