Ծանրամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչ օրը մրցահարթակ դուրս եկան 109 կգ և գերծանր քաշային կարգի մարզիկները:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով հանդես էր գալիս գերծանր քաշային կարգում, գրավեց 3-րդ տեղը երկամարտի 415 կգ արդյունքով:
Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը մեկ ամիս առաջ ստացած ծնկի վնասվածքից դեռ լիարժեք չի ապաքինվել. «Ինքներդ տեսաք, որ մոտեցումները նորմալ կատարեցի` առանց ցավի: Փառք Աստծո, արդեն ամեն ինչ նորմալ է: Բուժման առաջին փուլն ենք վերջացրել, բայց հիմա արդեն ամեն ինչ լավ է: Բուժման բոլոր փուլերը վերջացնելուց հետո արդեն գերազանց վիճակում կլինեմ: Վնասվածքի պատճառով երկու-երեք շաբաթ նորմալ չեմ մարզվել և մինչև հիմա կիսատ եմ մարզվում` որոշ վարժություններ բաց թողնելով»,-ասաց Սիմոն Մարտիրոսյանը:
Աշխարհի չեմպիոնի խոսքով ինքն այս առաջնությունում հանդես եկավ իր հնարավորություններից ցածր, սակայն մինչև Եվրոպայի առաջնությունը կհասցնի վերականգնվել.
«Հայաստանի առաջնությանը հանդես եկա գերծանր քաշային կարգում, քնաի որ չցանկացա քաշ գցել, որպեսզի վերականգնվեմ մինչև Եվրոպայի առաջնությունն ու մասնակցեմ 109 կգ քաշային կարգում: Այս առաջնությանը հանդես եկա հնարավորություններիս 60-70 տոկոսի չափով, բայց մինչև Եվրոպայի առաջնություն արդեն կհասցնեմ լավ մարզավիճակ ձեռք բերել»,-ասաց Սիմոն Մարտիրոսյանը: