Սամբոյի 2018 թվականի Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող, արցախցի Սերգեյ Կարապետյանը շուրջ երկու ամիս է, ինչ կոմայի մեջ է: 24-ամյա մարզիկը ծառայում է Արցախի ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատում: Արցախյան պատերազմի սկսվելուց 1 օր առաջ Սերգեյը Երևանում էր, եկել էր մասնակցելու Սամբոյի Հայաստանի առաջնությանը, սակայն պատերազմի մասին լուրը լսելուն պես շտապել է Արցախ՝ մեկնելով ռազմաճակատ:
Սերգեյի մայրը՝ տիկին Նարինեն ամեն վայրկյան վերակենդանացման բաժանմունքի մուտքի մոտ է՝ բժիշկներից սպասում է տղայի մասին լավ լուրի:
«Պատերազմի մասին լուրը լսելուն պես Սերգեյը եկավ Արցախ, փոխվեց ու միանգամից ճանապարհ ընկավ: Վերջին անգամ իր հետ խոսել եմ վիրավորվելու օրը՝ դեպքից մեկ ժամ առաջ: Կռվի դաշտից էլ մտածում էր մեր մասին․ ասում էր՝ մամա փող կա՞, փող ուղարկե՞մ: Ասում էր՝ քեզ ինչ պետք է գնա առ, ես կուղարկեմ գումարը, ամեն ինչ լավա լինելու ասում էր, մի վախեցեք, հանգիստ եղեք»,-արցունքները զսպելով պատմում է Սերգեյի մայրը:
Սերգեյը վիրավորվել է նոյեմբերի 3-ին՝ Սղնախ գյուղում՝ Շուշիի պաշտպանության համար մարտերի ընթացքում:
«Առաջին անգամ, երբ ականանետը խփել է իրեն, մատն է վիրավորվել: Ընկերները եկել են Սերգեյին տեղափոխել այլ վայր, և հենց այդտեղ էլ երկրորդ ականանետն է խփել, որից երկու հոգի մահացել են ու շատերը վիրավորվել, բայց ամենածանրը վիրավորվել է Սերգեյը: Շտապ տեղափոխել են Ստեփանակերտ, այնուհետև Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն: Մի քանի անգամ անցել է գլխի վիրահատություն: Սերգեյը իմ միջնեկ տղան է: Մեծ տղաս նույնպես մասնակցել է: Մենք ապրում ենք Ստեփանակերտում: Ես պատերազմի սկսվելուց հետո դեռ չեմ գնացել Արցախ: Մեզ բերեցին Երևան՝ ինձ ու փոքր տղայիս, ասեցին՝ մամա, էստեղ մնացեք, որ մենք հանգիստ պատերազմում մեր գործն անենք ու ձեր անվտանգության մասին չմտածենք»,-պատմում է տիկին Նարինեն։
Տիկին Նարինեի խոսքով՝ այստեղ Սերգեյը մեծ ուշադրության կենտրոնում է, ինքն էլ չէր սպասում նման վերաբերմունք. «Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել վիրահատող բժիշկ Արմեն Պարգևիչին և «Նաիրի» հիվանդանոցի ամբողջ անձնակազմին: Այսպիսի ուշադրություն կյանքում չէի պատկերացնի, իրենց երեխու պես ուշադիր են: Մինչև հիմա Սերգեյն անշարժ վիճակում պառկած է, և պիտի տանենք արտասահման: Ամուսինս խոսել է տնօրենի հետ, և նա էլ ասել է, որ ամենաճիշտ տարբերակը դա է: Այստեղի բժիշկներն էլ իրենցից կախված ամեն ինչ անում են: Պատկերացնում եք, տաքսու վարորդը գալիս է և մեզ օգնություն է բերում: Բոլորն ուշադիր են մեր հանդեպ: Բոլորից անչափ շնորհակալ եմ, նման վերաբերմունքն իրոք անհավատալի է»-ասում է Սերգեյի մայրը:
Սերգեյը երբեք չէր դժգոհում, ընկերական շրջապատում նվիրված և մարդամոտ անձնավորություն է. «Ասում էի Սերգո , ճի՞շտ է , որ քաղաքի վրա են կրակում, ասում էր՝ չէ, մամա, հանգիստ եղի՝ տենց բան չկա, ամե ինչ լավա: Ասում էր տեղս շատ լավ է: Բայց հետո պարզվեց, որ ամենադժվար տեղերում է եղել: Ինքը միշտ մտածում էր բոլորի մասին: Իմ հանդեպ միշտ ուշադիր էր: Դա բոլորը գիտեն, և այնպես չէ, որ իմ որդին է, դրա համար եմ ասում: Մեր տղաները բոլորն էլ առանձնահատուկ են»,-պատմում է տիկին Նարինեն:
Սերգեյի առողջական վիճակը հիմա կայուն է: Մարմնի վրա ոչ մի վնասվածք չկա, լրիվ առողջ է, միայն գլխուղեղն է վնասված: Սամբոյի Եվրոպայի չեմպիոնին ոտքի կանգնելու համար անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հունաստան, կամ Իսրայել:
«Մեզ օգնություն է ցուցաբերվել և դեռ շարունակվում է: Ամուսինս հանդիպել է Արցախի նախագահի հետ: Կլինի նաև կառավարության կողմից աջակցություն, և հուսով ենք, որ մի քանի օրից Սերգեյին կկարողնանք տեղափոխել արտասահման՝ բուժումը շարունակելու: Եթե գլխուղեղը վերականգնվի, հետո արդեն պլաստիկ վիրահատություններ են պետք անել: Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի: Կցանկանայի, որ ոչ մի ծնող չտեսներ սա, ինչ մենք ենք տեսնում»,-ասում է վիրավոր Սերգեյ Կարապետյանի մայրը:
Հպարտությունն ու ցավը միաձուլված՝ տիկին Նարինեն մեծ վշտով է հետհայցք գցում պատերազմի ելքին.
«Ստեփանակերտի մեր տունը կա՝ չի վնասվել, բայց դա ինձ համար էական չէ: Ավելի լավ է տունը չլիներ, բայց երեխաս հիմա առողջ լիներ: Շատ ցավալի է, որ մեր տղաների այսքան արածն այսպես վերջացավ: Ես չեմ կարող մեղադրել ինչ-որ մեկին: Առաջին հերթին ես այդքան ուժ չունեմ: Մենք դեռ ճիշտն էլ չենք իմանում՝ ո՞վ է մեղավոր և ինչու՞ այսպես եղավ: Ոչ մեկս ոչինչ չգիտենք: Կուզեի, որ մեր ժողովուրդը նորից համախմբվի: Ինձ համար շատ ցավալի է այս վիճակը տեսնելը: Ես ամեն շաբաթ գնում եմ Եռաբլուր և տեսնում եմ, թե ինչ է կատարվում: Ես իմ երեխային միշտ առողջ եմ պատկերացնում ու մեծ հույս ունեմ, որ նա ոտքի է կանգնելու՝ առանց դրա չեմ կարող ուղղակի ապրել: Մնացած մայրերն ի՞նչ ասեն, քար կա՝ վրան երկու երեխու անուն է գրված: Ցավակցում եմ բոլոր զոհվածների ծնողներին»։
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ