Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն իր առաջին պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում: Punch Boxing Promotions-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկը 8 ռաունդանոց մենամարտում միավորների տարբերությամբ պարտվեց մեքսիկացի Էդուարդու Բաեզին.
Այս անգամ Աբգարյանը հանդես էր գալիս իր համար ավելի բարձր քաշային կարգում: Բռնցքամարտիկի խոսքով պարտության պատճառներից մեկը դա էր.
«Մեկ տարի չէի մենամարտել ու դա խանգարեց: Բացի այդ, ստիպված էի քաշս բարձրացնել, քանի որ իմ քաշային կարգում մրցակից չկար, որի հետ կկարողանայի այս տարի մենամարտ անցկացնել: Մնում էր կամ քաշս բարձրացնել, կամ վերադառնալ Հայաստան, սակայն որոշեցինք, որ ավելի լավ է մենամարտ անցկացնեմ»,-ArmSport-ի հետ զրույցում ասաց Աբգարյանը:
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը հաղթանակ էր տարել իր նախորդ 14 մենամարտերում:
«Մրցակիցս ինձանից ավելի բարձրահասակ էր, և երևի դա շատ խանգարեց ինձ: Հոգեբանորեն նորմալ վիճակում եմ, սա սպորտ է և նորմալ են պարտությունները: Կարևորը կարողանանք ճիշտ հետևություններ անել և հետագայում չկրկնել նույն սխալները»,-ասաց Աբգարյանը:
Նարեկ Աբգարյանն ու Punch Boxing-ը ներկայացնող ևս մեկ մարզիկ՝ Գոռ Երիցյանը Հայաստան կվերադառնան հաջորդ շաբաթ: