Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Գյումրիում փետրվարի 1-ին կայացել էր ՀՖՖ արտահերթ ժողովը, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դրա անցկացումն անօրինական էր որակել։ Ժողովին մասնակցել էին ՀՖՖ 24 անդամներից 13-ը, իսկ դրա ընթացքում կայացած քվեարկությամբ որոշվել էր «Շիրակ» ՖԱ-ին անդամագրել ՀՖՖ-ին։
Նշենք, որ ըստ ՀՖՖ կանոնադրության՝ ՀՖՖ-ի անդամագրման, անդամության կասեցման և հեռացման մասին որոշումները կայացնում է Ժողովը։
Արդյոք արտահերթ ժողովում կայացրած որոշումից հետևո՞ւմ է, որ Գյումրին ներկայացնող ակումբն այսուհետ ՀՖՖ անդամ է, ArmSport-ը հարցրել է հենց ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, որտեղից վերահաստատել են ավելի վաղ ՀՖՖ-ի կողմից ներկայացված դիտարկումը։
«9 անդամները (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ` ArmSport), չսպասելով ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստին ու չպահպանելով սահմանված երկամսյա ժամկետը, ինչպես նաև չսպասելով դրա ընթացքում կայացվելիք հնարավոր որոշմանը, նախաձեռնել են ՀՖՖ արտահերթ ժողովի կազմակերպում ու փետրվարի 1-ին անցկացրել են այն։
Եվ, ինչպես ՀՖՖ-ն ավելի վաղ հայտարարել էր, կոպտորեն խախտվել է Կանոնադրությամբ սահմանված ընթացակարգը և նշված արտահերթ ժողովի ընթացքում ընդունված բոլոր որոշումները իրավական ուժ չունեն»,- ասված է ՀՖՖ-ի պատասխանում։
Այս հարցով ArmSport-ը դիմել է նաև «Շիրակ» ՖԱ, որից ստացել է հակիրճ պատասխան․
«Ժողովին Շիրակը չի մասնակցել, բայց բնականաբար ընդունում է ժողովի իրավասությունը և կայացրած որոշումները»։
Հարկ է նշել, որ ակումբը ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարած գրառմամբ հաստատել էր իր անդամակցությունը ՀՖՖ-ին։
Ստելլա Բաբլոյան