Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խաղում «Բրայթոնը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Հանդիպումը ավարտվեց 2-3 հաշվով՝ հօգուտ հյուրերի:
40-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց տուգանային հարված նշանակեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասին, որը հաջողությամբ իրացրեց «Բրայթոնի» հարձակվող Նիլ Մոպեն: 3 րոպե անց տանտերերի պաշտպան Լուիս Դանքը գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը:
Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հյուրերին առաջ մղեց հաշվի մեջ, սակայն 95-րդ րոպեին «Բրայթոնի» կիսապաշտպան Սոլոմոն Մարչը հավասարեցրեց հաշիվը:
Սակայն ևս 5 րոպե անց Բրունո Ֆերնանդեշը, անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանային հարվածը, հաղթանակ պարգևեց Սուլշերի թիմին։
«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 3 միավոր եւ բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական: «Բրայթոնը» ևս իր ակտիվում ունի 3 միավոր։