Մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու մարզիկ Արթուր Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին 2019 թվականը․
«Աշխարհի Գավաթից հետո մեկնեցինք Վորոնինի Գավաթի խաղարկությանը։ Աշխարհի Գավաթում տղաներն արեցին այն, ինչ կարող էին։ Ընդհանուր առմամբ ես գոհ եմ արդյունքներից, գնահատականներից։ Շատ ուժեղ պայքար էր, քանի որ խաղարկվում էին օլիմպիական միավորներ, մասնակցում էր օլիմպիական չեմպիոն։ Մենք պայքարում էինք, լավ գիտակցում էինք, որ քիչ շանս ունեինք։
Ավետիսյան Արթուրն արդարացրեց իրեն՝ երրորդ տեղը գրավեց ու շատ քիչ զիջեց օլիմպիական չեմպիոնին։Նա երիտասարդ է, տարանք փորձեցինք նրան ու փաստորեց արդարացրեց իրեն։
Թովմասյան Արթուրը աշխարհի առաջնությունից հետո ուսի վնասվածք ունի ու հիմա բուժում է այն։ Հարություն Մերդինյանը շատ լավ կատարեց իր վարժությունը, այդ տարիքի համար նա գնաց ամենաբարդ վարժության վրա ու 4-րդ տեղը գրավեց, իսկ Վահագն Դավթյանը 5-րդն էր չնչին տարբերությամբ։ Դժգոհ եմ միայն Արթուր Դավթյանից, քանի որ չարեց հենացատկը, զարմացա։ Պարզվեց ՝ մեջքի ցավեր ուներ, բայց չէր ասում։
Վորոնինի Գավաթի խաղարկությունում նոր իմացա, ընդհուպ ասեցի՝ մի մասնակցի։ Սրսկեցինք, ամեն ինչ վերահսկվում էր՝ հանկարծ դոպինգ չլիներ։ Շատ լավ գնահատականներ ստացավ։ Դեռ պետք է պարզենք, թե ցավն ինչի արդյունքում էր։ Հիմա բժշկի է, կստուգվի։ Վորոնինի Գավաթից շատ գոհ եմ, երկրորդ տեղը հիանալի արդյունք է։ Դավթյան Արթուրը շատ մեծ առավելությամբ բազմամարտի հաղթող դարձավ։ Դավթյան Արթուրը օղակների վրա հաղթեց Ավետիսյան Արթուրին, որից շատ դժգոհ եմ։ Հենց ես էի մրցավարը, ձախողեց։Ավետիսյան Արթուրի գործը շատ բարդ է։ Աշխարհի Գավաթի ժամանակ երբ տեսան նրա կատարումները, շատ լուրջ մասնագետներ եկան ու ասացին ՝ ինչու նա չկար աշխարհի առաջնությունում։ Հուսով եմ՝ մյուս ցիկլին Ավետիսյան Արթուրը իրեն շատ կարդարացնի օղակների վրա»։
Տոկիո-2020-ի մասին
«Ունենք վարկանիշային երեք մրցում՝ Մելբուրն, Բաքու, Դոհա․ կգնանք միայն Դոհա։ Կունենանք օլիմպիական միայն մեկ մասնակից, վերջ։ Կա ևս մեկ շանս՝ Եվորպայի առաջնությունը։ Բայց Եվրոպայի առաջնությունը նորից կայանալու է Բաքվում։ Մենք չենք մասնակցելու։ Մեր բախտն է։ Չեմ ասում՝ անպայման օլիմպիական վարկանիշ ձեռք կբերեինք, բայց հնարավորություն էր։ Հիմա երիտասարդները շատ բան են բաց թողում, պետք է սպասենք 2022 թվականին։
Հետո կսկսենք պատրաստվել Օլիմպիական խաղերին։ Դավթյանը երևի ծանրաբեռնվածության արդյունքում է մեջքի հետ կապված խնդիրների բախվել։ Գիտենք՝ եզրափակչի շանս չունենք։ Հիմա նրան լրիվ հանգիստ ենք թողնում, Աստված տա՝ ամեն ինչ լավ լինի։ Դոհայի մրցումները մարտին են։ Պետք է որ հասցնի վերականգնվել մինչև այդ, քանի որ շատ կարևոր մրցաշար է։
Իր առողջության հաշվին կյանքում որևէ բան չենք անի։ Եթե խնդիրներ չունենա, նախապատրաստությունն ըստ նախատեսված ծրագրի կընթանա։ Կարող է մասնակցել Ալբերտ Ազարյանի միջազգային մրցաշարին՝ ԱՄՆ-ում, ու 10-օրյա հավաք անցկացնել, որը կկայանա մարտին։ Փետրվարի վերջին հավաք կունենանք Հայաստանում, մարտի 1-14-ը հավաք կունենանք Թիֆլիսում։ Աշխարհի Գավաթի մրցաշարեր կան նաև Սլովենիայում և Խորվաթիայում»։
Հիշեցնենք՝ Տոկիո-2020-ի ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը։
Խոսելով սպիտակ քարտով Տոկիո-2020-ին մասնակցելու հավանականության մասին՝ Սերոբյանը բացառեց այդ տարբերակ․
«Անկեղծ ասած՝ դրանով ընդհանրապես չեմ հետաքրքրվել, քանի որ երբեք սպիտակ քարտով չենք մասնակցեկ։ Օլիմպիական կոմիտեն ճիշտ է արել, որ հրաժարվել է սպիտակ քարտից, քանի որ եթե մասնակցում ենք, պետք է պայքարենք բարձր տեղերի համար, որակ ապահովենք և ոչ թե զուտ մասնակցություն ապահովենք»։
Հակոբ Սերոբյանը հայտնեց նաև, որ դեկտեմբերից հետո հայտնի կլինի՝ արդյոք Տոկիո-2020-ում ինքը կլինի՞ մրցավար, թե՞ ոչ։ Եթե այդպես լինի, Դավթյանը մրցավայր կմեկնի մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ։
Ընդհանուր առմամբ Հակոբ Սերոբյանը գոհ է 2019 թվականից․
«Տարին մեզ համար շատ լավ էր, ես չէի սպասում, որ Եվրոպական խաղերում չեմպիոն կունենանք։ Արթուր Ավետիսյանը Ունիվերսիադայի չեմպիոն դարձավ, հաղթեց թուրք մարզիկին, որն այնուհետև աշխարհի չեմպիոն դարձավ։ Այնուհետև, աշխարհի Գավաթում բրոնզե մեդալ նվաճեց։ Հիանալի տարի էր նրա համար։ Առհասարակ բոլորի համար ենք ուրախանում, բայց Ավետիսյանիս համար առանձնապես, քանի որ նա երիտասարդ է, ստացվում է՝ լավ փոխարինող ունենք մեր ավագ սերնդին»,- ասաց Հակոբ Սերոբյանը։