ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրի H խմբում ՊՍԺ-ն ընդունել էր թուրքական «Բաշաքշեհիրին» ու ջախջախիչ հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 5-1 հաշվով։
Հանդիպման 21-րդ րոպեին Մարկո Վերատտիի փոխանցումից հետո տանտերերի բրազիլացի հարձակվող Նեյմարը բացեց խաղի հաշիվը։ 38-րդ րոպեին Նեյմարը կրկնապատկեց հաշիվը․ այս անգամ փոխանցումը Մբապեինն էր։ Մեկ րոպե անց փարիզցիները ևս մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, սակայն մրցավարը, դիմելով VAR համակարգի օգնությանը, արձանագրեց խաղից դուրս վիճակ։
42-րդ րոպեին հյուրերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված ու գնդակին մոտեցած Կիլիան Մբապեն այն ուղարկեց մրցակցի դարպասը։
Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց Նեյմարը ևս մեկ գոլ հեղինակեց, որին 7 րոպե անց մրցակիցը պատասխանեց Մեհմեդ Թոփալի խփած գոլով։ 5 րոպե անց՝ 62-րդ րոպեին Մբապեն դուբլ ձևակերպեց ու դրեց հանիպման վերջակետը։
ՊՍԺ-ն հավաքեց 12 միավոր ու դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ խմբում գրավելով առաջին տեղը։ Թուրքական թիմն ավարտեց ելույթները եվրագավաթներում՝ ակտիվում ունենալով 3 միավոր։
Հիշեցնենք, որ այս խաղը պետք է կայանար երեկ, սակայն դաշտի սահմաններից դուրս միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում հանդիպման 4-րդ մրցավար Սեբաստիան Կոլչեսկուն ռասիստական բնույթի վիրավորանք է հասցրել «Բաշակշեհիրի» մարզչի օգնականներից մեկին, ինչից հետո խաղն ընդհատվել, ապա հետաձգվել էր։