«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի հաղթանակը մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի The Best մրցանակի համար քվեարկությունում: Վան Դեյքը ՈՒԵՖԱ-ի վարկածով լավագույնն էր ճանաչվել նախորդ ամիս, բայց ՖԻՖԱ-ի քվեարկությամբ հոլանդացին զիջեց Մեսսիին:
«Քվեարկությունն ավարտվեց, ու մարդիկ ընտրեցին Մեսսիին:
Ես շատ մոտ էի հաղթանակին: Վստահ չեմ, թե մեր խաղն ընդհանրապես կարելի է համեմատել, չէ՞ որ նա հարձակվող է, ես՝ պաշտպան:
Մեսսին մեծագույն ֆուտբոլիստ է, հնարավոր է՝ բոլոր ժամանակների լավագույնը: Ես հիասթափված չեմ, վշտացած չեմ: Շատ ուրախ եմ նրա համար: Ես արդեն ասել եմ, որ թիմային մրցանակներն ինձ համար ավելի կարևոր են: Այս անհատական մրցանակն ինձ համար կլիներ բոնուս», — Վան Դեյքի խոսքերն է մեջբերել Fcupdate.nl-ը՝ հղում անելով NOS.nl-ին:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունն ամփոփվեց սեպտեմբերի 23-ին, Միլանում: Մեսսին քվեարկության արդյունքում ստացել էր 46 միավոր: Վիրջիլ վան Դեյքը 38 ձայնով 2-րդն էր, իսկ ֆինալիստների եռյակը 36 միավորով եզրափակել է Կրիշտիանու Ռոնալդուն: