Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» վաղը կմրցի Լյուքսեմբուրը ներկայացնող «Ֆոլա-Էշի» հետ: Այսօր կայացել է երևանյան թիմի պաշտպան Սերգեյ Վակուլենկոյի և գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի մամուլի ասուլիսը:
«Մեր մարզիչները ցույց են տվել մեր մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը: Մենք շատ լավ պատարստ ենք, թե ֆիզիկապես, թե հոգեպես: Վերջին խաղերում մեր ցույց տված արդյունքները լավը չեն եղել, բայց լավ ենք հանդես եկել: Կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք, ու կարող ենք ցուցադրել այն ֆուտբոլը, որը սպասում են մեր երկրպագուները»,-ասել է ուկրաինացի ֆուտբոլիստը:
Խոսելով Դավիդ Կամպանյայի և մարզչական շտաբի հետ աշխատանքի մասին Վակուլենկոն ասել է. «Կարող եմ ասել, որ լավ մարզչական անձնակազմ ունենք: Մեր առջև նոր խնդիրներ է դրված: Նորից կրկնեմ, որ չնայած վեջին խաղերում վատ արդյունքների, թիմում լավ տրամադրություն ու մթնոլորտ է: Վաղը կփորձենք խաղալ հանուն մեր մարզչի ու երկրպագուների: Իհարկե միշտ կա աճելու տեղ: Ես չեմ կարծում որ խնդիրներ ունենք պաշտպանությունից դուրս գալուց: Կարծում եմ, որ խնդիրներ ունենք գոլային պպահերն իրացնելու հետ կապված: Նորից կարող եմ ասել, որ մենք 100 տոկոսով պատրաստ ենք վաղվա խաղին»: