Անգլիական Պրեմիեր-լիգայի 13-րդ տուրում «Սաութհեմփթոնից» կրած պարտությունից հետո «Արսենալը» սկսել է գլխավոր մարզչի թեկնածուներ դիտարկել` ցանկանալով փոխարինել իսպանացի Ունայ Էմերիին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Արսենալի» գլխավոր մարզչի հնարավոր թեկնածուների թվում են Մասիմիլիանո Ալեգրին, Միկել Արտետան և Մաուրիսիո Պոչետինոն, որը մի քանի օր առաջ հեռացվեց «Տոտենհեմից»:
Այդուհանդերձ, արգենտինացի մասնագետի նշանակումն այնքան էլ հավանական չէ, քանի որ նախկինում նա աշխատել է «զինագործների» սկզբունքային մրցակից ակումբում:
Նշվում է նաև, որ «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է Էմերիին որոշ ժամանակ տրամադրել իրավիճակը շտկելու համար: Եթե Էմերին հեռացվի ընթացիկ մրցաշրջանում, «Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերում կարող է նշանակել Ֆրեդրիկ Յունգբերգին կամ Սթիվ Բոուլդին:
13 տուրից հետո «Արսենալն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում` վերջին 6 խաղում ընդամենը 1 հաղթանակ տանելով: