ՊՍԺ-ի 28-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է որակազրկվել Չեմպիոնների լիգայում ու բաց թողնել եզրափակիչ հանդիպումը բժշկական կանոնակարգը խախտելու համար, հայտնում է The Sun-ը:
Հնարավոր որակազրկման պատճառ կարող է հանդիսանալ այն, որ Նեյմարը մարզաշապիկներով է փոխանակվել «Լայպցիգի» պաշտպան Մարսել Հալստենբերգի հետ: ՈՒԵՖԱ-ի՝ «Վերադարձ խաղին» 31-էջանոց կանոնակարգի կետերից մեկն ասում է՝ «Ֆուտբոլիստներին խորհուրդ է տրվում խուսափել մարզաշապիկների փոխանակումից»:
Այնտեղ չի նշվում մարզաշապիկների փոխանակման դեպքում ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին, բայց հստակեցվում է, որ դրա խախտումը «կարող է հանգեցնել կարգապահական միջոցների՝ ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգին համապատասխան»:
Ավելի վաղ՝ նախքան մարզական միջոցառումների վերսկսումը, հաղորդվում էր, որ մարզաշապիկների փոխանակումը Չեմպիոնների լիգայի՝ Լիսաբոնում անցկացվելիք մինի-մրցաշարի ընթացքում կհանգեցնի 12-օրյա ինքնամեկուսացման:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: