9 խաղում 9 պարտություն կրած «Երևանի» ղեկավարությունը շարունակում է մարզիչներին փոխել: Մարզչական փոփոխություններից և ոչ մեկին գոնե մեկ արդյունավետ խաղ չի հաջորդել, եթե, իհարկե, չհաշվենք առաջնության 6-րդ տուրի «Երևան» — «Լոռի» խաղը, որում հյուրերը հաշիվը կարողացան բացել միայն 93-րդ րոպեին: Այդ խաղում հատկապես շատ վստահ գործեց այս մրցաշրջանում առաջին անգամ շանս ստացած դարպասապահ Գրիգոր Մակարյանը:
Սեպտեմբերի 30-ին «Երևանը» պաշտոնապես հայտարարեց դարպասապահների մարզիչ Մարտիկ Մկրտումյանի հետ պայմանագիրը խզելու մասին: Նման որոշման պատճառների ու ակումբում առկա խնդիրների մասին ArmSport.am-ը զրուցել է հենց մարզչի հետ:
— Վերջին օրերին «Երևանի» հետ մի քանի պայմանագրեր խզվեցին, որոնց թվում նաև Ձերն էր: Ի՞նչ խնդիրներ էին առաջացել, ինչո՞ւ որոշեցիք դադարեցնել համագործակցությունը:
— Երբ ակումբի ղեկավարությունը փոխվեց, եկան նոր ղեկավարները, կարճ ժամանակ անց արդեն երևաց, որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներ են: Ինձ անընդհատ ասում էին, որ ամեն ինչ լավ կլինի: Սկզբում ամեն ինչ իմ ասածով էր լինում, իհարկե՝ մինչև վերջ էլ այդպես եղավ, բայց խնդիրը հենց դրանից էլ սկսվեց: Նրանք սկսել էին միջամտել մեկնարկային կազմի ընտրությանը, ցանկանում էին իրենց թույլ լեգեոներներին տեսնել մեկնարկային կազմում, իսկ ես նրանց հորդորում էի չխառնվել իմ գործին, զբաղվել իրենց գործերով: Թիմում իմ դիրքի համար ունեինք լատվիացի Յանիս Կրումինսին և հայ Գրիգոր Մակարյանին: Ես գտնում էի, որ Յանիսը սխալվել էր, ու պետք է խաղար Գրիգորը, որն արդեն շատ լավ մարզավիճակ էր հավաքել: Գրիգորը մի քանի խաղի մասնակցեց, բավականին լավ հանդես եկավ, ու ամեն խաղից առաջ խոսակցություն էր լինում, որ նորից լատվիացուն վստահեմ դարպասը: Ինձ համար տարօրինակ ու կասկածելի էր, որ լավ խաղացող դարպասապահին անպայման ցանկանում էին փոխարինել մեկով, ով սխալներ էր արել: Դարպասապահի դիրքի հետ կապված այդ խոսակցություններից էլ սկսվեցին խնդիրները, և ես ասացի, որ կամ պետք է իմ ասածով լինի, կամ ես պետք է չաշխատեմ այս ակումբում: Հավանաբար, ես իրենց խանգարում էի, քանի որ կազմի արդար ընտրություն իրենց պետք չէր: Չգիտեմ՝ իրենց ուզածն ինչ էր: Գրիգորն արժանի էր խաղալու, ինչո՞ւ պետք է մեր հայ ֆուտբոլիստը չխաղար, ու խաղային լեգեոներները, որոնք ոչնչով աչքի չէին ընկնում: Եթե իհարկե նպատակը հայկական ֆուտբոլը զարգացնելն էր:
— Որքա՞ն ժամանակ էին այդ խնդիրները ու երբվանից արդեն թիմում չէիք:
— Խոսակցություններն ավելի վաղ էին սկսվել: Բայց ես թիմում եմ եղել մինչև «Գանձասար-Կապանի» հետ խաղը: Մինչ այդ ես եմ որոշել, թե ով կկանգնի դարպասում: Այդ խաղի նախախաղային մարզման ժամանակ է խզվել պայմանագիրս:
— Ակումբի նոր ղեկավարներից գոնե մեկին երբևէ տեսե՞լ եք: Ընդհանրապես, տեղյակ եղե՞լ եք՝ իրենք ինչ ծրագրեր ունեն «Երևանի» հետ կապված:
— Ինչ-որ մեկը կար, որ ներկայանում էր որպես ղեկավար: Բայց նա, ըստ էության, իրական ղեկավարի աշխատողներից մեկն էր պարզապես: Նրանք խոստանում էին, որ ամեն ինչ լավ է լինելու, թիմի հետ ամեն բան կարգին է լինելու, չեն լինելու ֆինանսական խնդիրներ, պարգևավճարներ են լինելու: Բայց հիմա այնպես է ստացվում, որ ֆուտբոլիստների աշխատավարձերն են ուշացվում: Ես որպես ղեկավար ներկայացող մարդուն ասում էի, որ ինքն այդ հարցերը լուծեր, խոստումները կատարեր, ոչ թե փորձեր միջամտել մեկնարկային կազմի ընտրությանը:
— Ըստ էության, նախորդ մրցաշրջանում «Երևանն» Առաջին խմբում նորմալ ելույթներ էր ունենում, կասկած անգամ չկար, որ թիմի հետ ամեն բան կարգին է: Այն ժամանակ էլ էի՞ն այդպիսի խնդիրներ առաջանում:
— Չէ, ամենևին: Մինչև Բարձրագույն խումբ դուրս գալը թիմի ղեկավարը Կարեն Հարությունյանն էր: Մենք ունեինք մեր հիմնական մարզաբազան՝ Էջմիածնի ակադեմիան: Մարզումներն անցկացնում էինք այնտեղ, թիմի մարզումային պրոցեսները կազմակերպվում էին ըստ պատշաճի, աշխատավարձերի վճարումը կատարվում էր ժամանակին: Կարեն Հարությունյանից հետո եկան ինչ-որ անհայտ մարդիկ, որոնց մոտիվացիան անհասկանալի է: Նրանք «Երևան» ակումբին վերաբերվում են ավելի շատ որպես կազմակերպության, ոչ թե որպես թիմի: Ես չէի կարող շարունակել նրանց հետ աշխատանքը:
— Կարճ ժամանակում մի քանի մարզիչ փոխվեց: Գոնե այդ մարզիչների հետ հաջողվո՞ւմ էր պրոֆեսիոնալ հարաբերություններ կազմակերպել:
— Մրցաշրջանի սկզբում սերբ մարզիչ էր՝ Նեբոշյա Պետրովիչը: Նա ամեն ինչ անում էր այնպես, ինչպես ղեկավարությունն էր պահանջում՝ կազմի առումով: 5 տուր պարտվելուց հետո նրան հեռացրին: Եկավ Իսպանիայում աշխատած բարձրակարգ մարզիչ, բայց 2 օր մարզումային պրոցեսին մասնակցելուց հետո հասկացավ՝ որտեղ է հայտնվել, ու գնաց: «Լոռիի» հետ խաղից առաջ թիմը վստահվեց Գեորգի Ղազարյանին: Նրա առաջ «ուլտիմատում» էր դրվել, որ ամբողջ մեկնարկային կազմը նա կարող է որոշել, բայց կենտրոնական պաշտպանի դիրքում Աղավարդ Պետրոսյանը չպետք է լինի: Մեզ համար հասկանալի չէր, թե ինչու են այդպիսի պահանջ ներկայացնում: Որոշեցինք, որ Աղավարդ Պետրոսյանն արժանի չէ պահեստայինների նստարանին նստելու ու վստահեցինք նրան: InStat համակարգով այդ խաղում ամենաբարձր արդյունավետությունն էր ունեցել նա: Բայց խաղի հաջորդ օրը Գեորգի Ղազարյանին ասացին, որ իրենց համար նշանակություն չունի այն, որ Աղավարդը լավ է խաղացել, բարձր արդյունավետություն է ունեցել, քանի որ նա չի ենթարկվել ղեկավարության պահանջին, ազատված է աշխատանքից: Գեորգիից հետո մոլդովացի մարզիչներ եկան, որոնք նույնպես մեկնարկային կազմի հարցում իրենց պահանջներին չեն ենթարկվել, և ես գիտեմ, որ նրանց հետ էլ հիմա նմանատիպ ինչ-որ խնդիրներ կան:
Ընդամենը 9 տուր է անցել, ու արդեն 4-5-րդ գլխավոր մարզիչն է որոշվելու, ընդ որում՝ ոչ հայ, բոլորն արտասահմանից են: Գեորգի Ղազարյանին 1 խաղով էին նշանակել, քանի որ չէին հասցնի դրսից մարզիչ բերել: Եթե այդ թիմի ղեկավարությանը հետաքրքիր է ֆուտբոլը զարգացնելը, ինչո՞ւ չեն վստահում մեր հայ մարզիչներին, որոնց թվում քիչ չեն փորձառուները, ՊՐՈ արտոնագիր ունեցողները, թեկուզ երիտասարդ մարզիչները, որ հիմա անգործ են: Այդ թիմում ոչ ֆուտբոլային մտածելակերպ է, ոչ ֆուտբոլային վիճակներ: Թիմը մարզագույք էլ չունի, միայն գնդակներ, ուրիշ ոչինչ:
— Ի՞նչ եք կարծում, եթե փոխվի ակումբի հանդեպ վերաբերմունքը, «Երևանը» այս առաջնությունում մրցունակ թի՞մ է:
— Ոչ մեկս էլ լեգեոներներին դեմ չենք, թող բերեն, բայց որակյալ լեգեոներների, հայերի հետ ապահովեն բալանսը: Հայ ֆուտբոլիստներն ինչո՞վ են պակաս: Կամ այն հայ մարզիչները, որոնք հիմա անգործ են: Ես աշխատել եմ թե´ ուկրաինացի, թե´ սերբ, թե´ մոլդովացի մարզիչների շտաբում. ոչնչով հայ մասնագետներից առավել չեն եղել: Ինչո՞ւ չեն վստահում հայ ֆուտբոլիստներին ու մարզիչներին: Եթե կազմը մի քիչ ուժեղացնեն, համալրումներ ունենան, այո, ինչո՞ւ ոչ: Եթե լուրջ նպատակներ դնեն, լուրջ մարզչական շտաբ հրավիրեն ու մեկնարկային կազմում լինելուն ոչ արժանի լեգեոներները չլինեն, այո, մրցունակ կլինի: Եթե ակումբում նորմալ մթնոլորտ լինի, մրցունակ կազմ էլ հնարավոր կլինի հավաքել այդ թիմից: ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ակումբների մասին միշտ ասում էր. «Ակումբը դուռ չի, որ երբ ուզեն՝ բացեն»: Ակումբին լուրջ մոտեցում է պետք, ինչը հիմա «Երևանում» չի նկատվում: Վատ տղաներ չեն այստեղ հավաքված: Բայց այն վերաբերմունքը, որ կա թիմի նկատմամբ, վատ է հենց հայկական ֆուտբոլի համար:
Հռիփսիմե Գալստյան