Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է Գերմանիայում Յուրգեն Կլոպի որդու դեմ խաղալու, ինչպես նաև Հայաստանի հավաքականի՝ հաջորդ ընտրական փուլում շանսերի մասին։
«Հայաստանի հավաքականի համար Յուրգեն Կլոպը իդեալական մարզիչ կլիներ։ Իմիջիայլոց, ես խաղացել եմ նրա որդու դեմ Գերմանիայում։ Այդ ժամանակ Կլոպը մարզում էր «Մայնցը»։ Նրան մարդիկ էին մոտենում ու լուսանկարվում։ Այդ խաղում ներկա էր նաև իմ հայրը։ Նա շփվել էր Կլոպի հետ։ Ոչ ոք չէր սպասում, որ նա նման թոփ մարզիչ է դառնալու։
Նրա որդին պաշտպանությունում էր խաղում։ Հիշում եմ՝ նա երկար մազեր ուներ։ Ճկուն, չզիջող ու ագրեսիվ ֆուտբոլիստ էր։ Մխիթարյանը ինձ շատ է պատմել Կլոպի մասին։ Ասում էր, որ նա ֆանտաստիկ մարզիչ ու նույնպիսի մարդ։ Ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նրա մասին վատ բան ասել։ Ինձ թվում է՝ բոլորը սիրում են նրան»,-Կարապետյանի խոսքն է մեջբերում matchtv.ru-ն։
Կարապետյանը խոսել է նաև Հայաստանի հավաքականի շանսերի մասին ընտրական հաջորդ փուլում․
«Մենք լավ շանսեր ունեինք ԵՎՐՈ-2020-ում։ Եթե Հենրիխը վնասվածք չստանար, ամեն ինչ կարող էր այլ կերպ ընթանալ։ Մեր հավաքականում հնարավոր է փոխարինել ցանկացած ֆուտբոլիստի՝ ինձ, մյուսներին, բայց ոչ երբեք Մխիթարյանին։ Նա անփոխարինելի է մեզ համար»,-ասել է Կարապետյանը։
32-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում ՌՊԼ-ում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Հայաստանի հավաքականում անցկացրած 13 խաղերում Կարապետյանը 5 գոլ է խփել։