«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի` «Երևանի» հետ Վանաձորում անցկացրած խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին`անդրադառնալով նաև Հայաստանի Ազգային հավաքականը գլխավորելու հավանականությանը:
Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո երկրպագուների կողմից ակտիվորեն քննարկվում է նաև գյումրեցի մասնագետի թեկնածությունը Ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում.
«Բացառում եմ: Նման հավանականություն չկա: Այս պահին դա գրեթե անհնարին է: Հիմա իմ բոլոր մտքերը կապված են «Շիրակի» հետ: Այդ տարբերակը ոչ էլ դիտարկում եմ: Չկա նման բան»,- ասել է Վարդան Բիչախչյանը:
«Շիրակի» գլխավոր մարզիչը, մեկնաբանելով «Երևանի» նկատմամբ տարած 4:1 հաշվով հաղթանակն ու մի շարք առաջատարների բացակայությունը, մասնավորապես ասել է.
«Խաղի մասին շատ բան չկա ասելու. կարևորը` կարողացանք 3 միավոր վաստակել, շեշտը դրել էինք առաջին կեսի վրա, որ կարողանայինք առավելություն ստանալ, պահեր ստեղծել ու դրանք գոլի վերածել: Այն, ինչ պլանավորել էինք, ստացվեց: Այսօր մոտ 4-5 խաղացող բացակայում էր ու ոչ մի դեպքում չպետք է գործը թողնեինք երկրորդ կեսին. առաջին կեսում պետք է կարողանայինք հարցը լուծել: Տղաները կարողացան առաջադրանքը կատարել, հերթական 3 միավորը վաստակեցինք, ինչի առթիվ շնորհավորում եմ քաղաքին, թիմին, երկրպագուներին:
Մկոյանի մասնակցությունը հաջորդ խաղին հարցականի տակ է, Դավոյանն ու Մալաքյանը նորից կբացակայեն, մյուս խաղին թիմին կմիանա Մարկո Պրլևիչը, միգուցե նաև Բակայոկոն»,- եզրափակել է իր խոսքը Վարդան Բիչախչյանը:
Այս հաղթանակից շնորհիվ «Շիրակը», իր միավորների թիվը հասցնելով 25-ի, միանձնյա գլխավորում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցշարային աղյուսակը: