«Բավարիան» լրջորեն հետևում է «Բարսելոնայի» 26-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ այս մրցաշրջանում թիմի վատ արդյունքների ֆոնին մյունխենյան ակումբի ղեկավարությունը մտադիր է առաջիկա ամռանն ուժեղացնել թիմի կազմը։ Ընդգծվում է, որ «Բավարիան» պատրաստ է տրանսֆերային արշավի համար հատկացնել 150 միլիոն եվրո։ Հոլանդացի ֆուտբոլիստը համարվում է հնարավոր ուժեղացումներից մեկը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում դե Յոնգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: