Կապանցի 21-ամյա աթլետ Սյունե Սահակյանը Հայաստանի առաջնությունների բազմակի մեդալակիր է, մասնակցել է նաև միջազգային մրցաշարերի, իսկ այժմ՝ սպորտային կարիերային զուգահեռ, սովորում է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 3-րդ կուրսում՝ սպորտային բժշկության բաժնում:
ArmSport-ը զրուցել է երիտասարդ մարզուհու հետ, բացահայտել նրա սպորտային ուղին.
Սյունե անունն ինձ համար ընտրել է հայրս: Ես Կապանից եմ, Սյունիքից: Հայրս էլ «Բաղաբերդ» գրքում կարդացել է Սյունե թագուհու մասին, ասում է՝ այդ անունը կպել է սրտին ու հետագայում ինձ էլ այդպես են անվանակոչել: Առհասարակ շատ կապված եմ Սյունիքի հետ. արդեն 3 տարի է՝ տեղափոխվել եմ Երևան, քանի որ այստեղ եմ սովորում, բայց միշտ ասում եմ՝ դա որևէ նշանակություն չունի, սրտով Կապանում եմ, անփոխարինելի բնություն ունենք ու հարուստ լեռնաշխարհ:
Մինչև 9 տարեկան զբաղվել եմ մարմնամարզությամբ, հայրս մարմնամարզության մարզիչ է, փոքրուց իր մոտ եմ մարզվել, բայց մի անգամ՝ մեր քաղաքի առաջնությանը, վազքի մրցման մասնակցեցի ու մեր աթլետիկայի մարզիչը նկատեց ինձ, հայրիկիս համոզեց, որ իրենց մոտ մարզվեմ: Այդպես, 9 տարեկանից զբաղվում եմ աթլետիկայով: Աթլետիկան ամենագեղեցիկ մարզաձևերից է, համարվում է սպորտի թագուհին և մյուս մարզաձևերի հիմքն է հանդիսանում: Սկզբում երկար տարածություններ էի վազում, բայց արդեն 3 տարի է՝ արգելավազքով եմ զբաղվում՝ 400 և 100 մ: 400 մ. արգելավազքում Հայաստանի փոխչեմպիոնն եմ:
Երկու անգամ միջազգային մրցաշարի եմ մասնակցել Իտալիայում՝ շատ պրոֆեսիոնալ մարզիկների հետ: Ճիշտ է՝ լուրջ հաջողություն չունեցա, բայց մեծ փորձ ձեռք բերեցի: Մրցաշարերի եմ մասնակցել Վրաստանում:
Իմ մարզական կարիերայում ամենամեծ դերակատարությունն ունեցել է հայրս, միշտ ոգևորել է ինձ, պատմել՝ ինչպես պետք է հասնես քո նպատակներին, ինչ դժվարություններ է ունեցել և ինչպես է դրանք հաղթահարել: Նրա մասնակցությամբ մրցույթները տեսանյութով եմ դիտել: Երբ հայրիկիս մոտ էի մարզվում, իրեն պետք է ընկեր Սահակյան ասեինք, սկզբում չէր ստացվում, բայց հետո տանն էլ էի այդպես ասում 🙂 Հայրս բավականին պահանջկոտ մարզիչ է, ինձ վերաբերվում էր այնպես, ինչպես մյուս երեխաներին, ու դրանից ես ինձ ավելի լավ էի զգում:
Շատ է ցավում իր յուրաքանչյուր սանի համար, ցանկանում է ամեն ինչ անել, որ տաղանդավոր ու աշխատասեր երեխան անպայման հասնի իր առջև դրած խնդիրներին: Մարզչի դերակատարությունը ևս շատ մեծ է: Մարզիչը նախ կարծում եմ՝ պետք է հոգեբան լինի․ թե՛ նախամրցումային, թե՛ բուն մրցումային փուլում լարվածությունը շատ մեծ է ու պետք է այնպես անենք, որ դա չազդի արդյունքների վրա: Այդ հարցում մարզչի դերը շատ կարևոր է: Մարզիչը, կարծես, քո երկրորդ հայրը լինի:
Ունեմ նաև սիրելի աթլետ՝ ամերիկացի Սիդնի Մակլաֆլինը: Ինձ շատ եմ նմանեցնում իրեն՝ թե՛ հոգևոր առումով, թե՛ սպորտում, ինքն էլ է հանդես գալիս 400 մ. արգելավազքում: Երբ նայում եմ իր վազքերը, լսում հարցազրույցները, շատ եմ ոգևորվում:
Ամենամեծ երազանքս որևէ խոշոր միջազգային մրցման մասնակցելն է, օրինակ աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը: Հայրս էլ Գերմանիայում մարմնամարզության Աշխարհի առաջնությանն է մասնակցել, շատ է պատմել այդ փորձառության մասին: Շատ կցանկանամ մի օր ես էլ մեր երկիրը ներկայացնեմ նման խոշոր մրցաշարում: Նաև երաժշտական ունակություններ ունեմ: Վոկալի եմ գնացել, ջութակ եմ նվագում, բայց առանց սպորտի ինձ չեմ պատկերացնում:
Այժմ սովորում եմ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 3-րդ կուրսում՝ սպորտային բժշկության՝ կինեզիոլոգիայի բաժնում: Հայաստանում երբ վնասվածք ես ստանում, չգիտես՝ ում դիմել: Այս մասնագիտության պահանջարկը կա, ու որոշեցի սովորել այն:
Ամենակարևոր մեդալը Համահայկական խաղերում նվաճած արծաթե մեդալն էր 2016 թվականին, որին արժանացանք Կապանի թիմի 4 աղջիկներով: Շատ ոսկե մեդալներ ունեմ տարբեր մրցաշարերից ու առաջնությունից, բայց Համահայկական խաղերում նվաճած այդ մեդալը շատ առանձնահատուկ է ինձ համար:
Հիմնական խնդիրը պայմաններն են: Երևանում մարզվում ենք Հայաստան մարզական միությունում (նախին Սպարտակ)՝ բավականին անբարենպաստ պայմաններում: Որքան էլ ջեռուցվում է, շատ ցուրտ է մարզադահլիճներում, բայց միևնույն է, այդտեղ էլ ենք գտնում այսպես ասած լույսը, ու շարունակում ենք մարզվել: Իմ մարզաձևում մոտ 5-6 հոգի ենք: Կարծում եմ՝ պայմանները չպետք է խանգարեն նպատակների իրագործմանը:
Հայաստանի առաջնություններն անցկացվում են Արտաշատի մարզադաշտում ու քանի որ այնտեղ հիմա վերանորոգում է, մեկ տարի է՝ չի անցկացվում Հայաստանի առաջնությունը: Դա է մեր միակ տեղը: Հուսանք՝ մայիսին մարզադաշտը շահագործման կհանձնվի ու Հայաստանի առաջնությունը կանցկացվի, ես էլ կփորձեմ անձնական արդյունքս բարելավել 400մ. արգելքավազքում: Սա աթլետիկայի ամենաբարդ ձևերից է համարվում:
Բլից հարցեր․
Եթե ոչ աթլետիկա, ապա՝ բասկետբոլ։
Սիրելի մարզիկը՝ Սիդնի Մակլաֆլին։
Գի՞րք, թե՞ ֆիլմ՝ գիրք։
Սիրելի գիրքը՝ Հարրի Փոթեր։
Երաժշտության սիրելի ոճը՝ տարբեր։
Սիրելի քաղաքը՝ Կապան։