ՀՖՖ 20-րդ ժողովի ընթացքում հետաձգվեց 3 ակումբի՝ «Լոկոմոտիվի», «Արագածի» եւ «Տորպեդոյի»՝ ՀՖՖ-ի անդամակցությունից զրկելու հարցը:
Արդեն տեղեկացրել ենք, որ ժողովն անցել է բավականին լարված մթնոլորտում: Մասնավորապես քննարկումներին հաճախ էր մասնակցում «Լոռիի» սեփականատեր, ՀՖՖ նախագահի նախկին ընտրություններում իր թեկնածությունը դրած Թովմաս Գրիգորյանը:
Ակումբներին անդամակցությունից զրկելու վերաբերյալ խոսեց նաև «Արարատ» ակումբի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը. «Մեզ մոտ մի շարք հարցեր կան, և շատ բաներ պարզ չեն: Առաջարկում եմ մեզ ներկայացնեք հստակ փաստեր տվյալ ակումբների՝ պայմանավորված խաղերի վերաբերյալ, որից հետո քվեարկություն անցկացնենք: «Լոկոմոտիվն» առաջին խմբի առաջատարն էր ու անհասկանալի է, թե ինչու հեռացնենք, եթե փաստերը չկան»:
«Դովեղ» ակումբի ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանն առաջարկեց այս հարցի քվեարկությունը հետաձգել. «Առաջարկում եմ այսօր չքվեարկել և հետաձգել այս հարցը: Այդ ընթացքում փաստեր ներկայացրեք, մենք էլ կհասկանանք ինչ անել: Մեզ մի դրեք դժվար իրավիճակի մեջ, սա արդար մոտեցում չէ»,-ասաց Հակոբյանը:
Կայացած քվեարկության արդյունքում վերը նշված 3 ակումբների՝ ՀՖՖ անդամակցությունից հեռացման հարցը հետաձգվեց մինչև մյուս ժողով: Սակայն շարունակելու է կասեցված մնալ «Լոկոմոտիվ», «Արագած» եւ «Տորպեդո» ակումբների անդամակցությունը ՀՖՖ-ին։