UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հույս է հայտնել, որ RAF-ի ղեկավարությանը կհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել UFC-ի անվանի մարտիկների հետ։
Մասնավորապես, հայ մարտիկը նշել է Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի անունները՝ ընդգծելով, որ ցանկանում է մրցել UFC-ի այն ներկայացուցիչների դեմ, որոնք բարձր մակարդակի ազատ ոճի ըմբշամարտի հմտություններ ունեն։
«Հույս ունեմ, որ նրանք կկարողանան պայմանագիր կնքել այնպիսի մեծ աստղերի հետ, ինչպիսին Իսլամն է, ինչպես նաև UFC-ի բազմաթիվ ուժեղ մարտիկների հետ։
Անհամբեր սպասում եմ նրանց այստեղ դիմավորելուն և ցույց տալու իմ հնարավորությունները։ Ես կլինեմ առաջինը, ով կմենամարտի նրանց դեմ։ Ուսման, Իսլամ և UFC-ի մյուս տղաներ, որոնք շատ լավ կարող են պայքարել», – ասել է Ծառուկյանը RAF 15 մրցաշարին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Championat-ը։
Հիշեցնենք, որ վերջերս Արման Ծառուկյանը հերթական տպավորիչ հաղթանակն է տարել Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած ազատ ոճի ըմբշամարտի RAF Abu Dhabi (Real American Freestyle) մրցաշարում։ Երեկոյի երկրորդ գլխավոր իրադարձության շրջանակում Ծառուկյանի մրցակիցը բրազիլացի հայտնի մարտիկ Նեյման Գրեյսին էր։ Հանդիպումն անցկացվել է միջանկյալ քաշային կարգում՝ Crossover ձևաչափով, և ավարտվել հայ մարզիկի լիակատար առավելությամբ։ Արդեն առաջին ռաունդում Ծառուկյանը 10։0 հաշվով առաջ է անցել և տեխնիկական գերազանցությամբ ժամանակից շուտ հաղթանակ տարել։ Սա Արման Ծառուկյանի 9-րդ հաղթանակն էր Real American Freestyle լիգայում (նրա ցուցանիշն այս պրոմոուշենում 9 հաղթանակ է և 1 պարտություն)։




























































