«Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրները, կարծես թե, թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս, իսկ մթնոլորտը ակումբի ներսու։ շատ հեռու է առողջ լինելուց։
Daily Mail-ի տեղեկություններով՝ Լիսանդրո Մարտինեսն ու Յուրի Տիլեմանսը վիճաբանել են Մանչեսթեր վերադարձող ինքնաթիռում՝ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած 0-2 հաշվով պարտությունից հետո։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մարտինեսի պայթյունավտանգ հետխաղային հարցազրույցից հետո, որի ընթացքում արգենտինացի պաշտպանը բացահայտ քննադատության էր ենթարկել ՄՅՈՒ-ի ամառային տրանսֆերային քաղաքականությունը։ Նա կասկածի տակ էր դրել ակումբի ղեկավարության և տեխնիկական տնօրեն Ջեյսոն Ուիլկոքսի իրավասությունը՝ պնդելով, որ թիմին անհապաղ նոր համալրումներ են հարկավոր ամենաբարձր մակարդակում մրցունակ մնալու համար։
Ավելի վաղ Sky Sports-ը և The Guardian-ն առանձին-առանձին հայտնել էին, որ խաղընկերներից մեկը նախատել էր Մարտինեսին այդ մեկնաբանությունների համար՝ մինչև հետադարձ թռիչքը։ Այդուհանդերձ, պարբերականներից ոչ մեկը չէր նշել միջադեպին մասնակցած ֆուտբոլիստի անունը։
Հատկանշական է, որ հանդիպումից անմիջապես հետո Մարտինեսի սկանդալային հայտարարությունների մասին հարցրել էին նաև Յուրի Տիլեմանսին, սակայն նա հրաժարվել էր մեկնաբանություններ տալ և չէր սատարել ակումբակցին։ Փոխարենը՝ բելգիացի կիսապաշտպանն ընդգծել էր քրտնաջան աշխատանքը շարունակելու և թիմում միասնությունը պահպանելու կարևորությունը։



























































