UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Իլիա Թոփուրիան անդրադարձել է թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտին՝ կասկածի տակ դնելով հայ մարզիկի գրեփլինգի արդյունավետությունը։
Վրացական արմատներով իսպանացի մարտիկը վստահ է, որ եթե Ծառուկյանին չհաջողվի կիրառել իր գլխավոր զենքը՝ թեյքդաուններն ու գետնին վերահսկողությունը, նա լուրջ խնդիրների առաջ կկանգնի օկտագոնում։
ABC-ին տված հարցազրույցում Թոփուրիան իր և Ծառուկյանի հավանական մենամարտը համեմատել է Ալեքսանդր Վոլկանովսկու և Մովսար Եվլոևի դիմակայության հետ։ Նրա կարծիքով՝ հայ մարտիկի ոճը հիմնված է մրցակցին պարտեր տեղափոխելու և գերիշխող դիրք զբաղեցնելու վրա, սակայն այդ մարտավարությունը բոլորի դեմ չէ, որ կարող է աշխատել։
«Արմանը կանգնած դիրքում խուճապի կմատնվի՝ փորձելով ինձ գետնին տեղափոխել։ Կկրկնվի այն նույն սցենարը, ինչ տեսանք Մովսարի և Վոլկանովսկու մենամարտում։ Այդ տեսակի մարտիկները սովոր են մշտապես դոմինանտ լինել, և նրանց ինքնավստահությունը սնվում է հենց դրանից։ Իրականում Արմանը բուն գետնամարտում առանձնապես չի փայլում. նրա ուժեղ կողմը պարզապես մրցակցին գետնին տապալելն ու վերահսկողության համար հարմար դիրք գտնելն է»,— նշել է Թոփուրիան։
Նախկին չեմպիոնը մանրամասնել է իր միտքը՝ հիշեցնելով, որ Եվլոևը ևս սովոր էր տապալել մրցակիցներին, վերահսկել նրանց և ուժերը վերականգնել կլինչում, սակայն Վոլկանովսկու դեմ այդ գործիքակազմն անօգուտ դարձավ։
«Երբ չես կարողանում թելադրել քո կամքը, հատկապես եթե բազային ըմբիշ ես, ամեն ինչ կտրուկ բարդանում է։ Ժամանակակից MMA-ում ըմբշամարտի և պաշտպանական տեխնիկայի մակարդակը զգալիորեն աճել է։ Եթե ըմբշամարտից զատ չունես բարձրակարգ ջիու-ջիթսու և գրեփլինգ, դա քեզ պարզապես կհյուծի։ Մովսարն այնքան էր սովորել մրցակիցներին գետնին տեղափոխելուն, որ Վոլկի դեմ չկարողացավ անել ո՛չ դա, ո՛չ էլ շունչ քաշել կլինչում։ Արդյունքում սկսվեց խուճապ, և նա հոգեբանորեն կոտրվեց»,— ընդգծել է Թոփուրիան։
Իլիա Թոփուրիան նաև հիշեցրել է իր հարուստ փորձի մասին՝ շեշտելով, որ ըմբշամարտը մշտապես եղել է իր մարզական բազայի հիմնաքարը. «Ես աշխարհի չեմպիոն եմ դարձել երկու քաշային կարգերում և չորս տիտղոսային մենամարտ անցկացրել UFC-ում։ Ես մեծացել եմ ըմբշամարտի գորգի վրա, դա իմ կյանքն է»։
Որքանո՞վ է հավանական Թոփուրիա – Ծառուկյան մենամարտը
Արման Ծառուկյանի և Իլիա Թոփուրիայի հնարավոր բախման շուրջ խոսակցությունները վաղուց են շրջանառվում։ Երկու մարտիկներն էլ հանդես են գալիս թեթև քաշային կարգի էլիտայում, սակայն այս պահին մենամարտի կազմակերպման վերաբերյալ պաշտոնական որևէ պայմանավորվածություն չկա։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 14-ին կայացած UFC Freedom 250 մրցաշարում Թոփուրիան մարզչական շտաբի որոշմամբ 4-րդ ռաունդից հետո պարտվեց Ջասթին Գեյջիին՝ զրկվելով թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց։ Սա նրա կարիերայի առաջին պարտությունն էր 17 հաղթանակներից հետո։
Արման Ծառուկյանն իր հերթին շարունակում է մնալ դիվիզիոնի գլխավոր հավակնորդներից մեկը, ուստի նախկին չեմպիոնի հետ նրա հնարավոր դիմակայությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում MMA-ի սիրահարների համար։ Առայժմ, սակայն, կողմերը սահմանափակվում են միայն հեռակա հայտարարություններով։




























































