UFC-ի Փառքի սրահի անդամ Դոնալդ Սերոնեն կոշտ քննադատության է ենթարկել թեթև քաշային կարգի թոփ մարտիկ Արման Ծառուկյանին։ Ամերիկացի վետերանի կարծիքով՝ հայ մարզիկն իրեն ավելորդություններ է թույլ տալիս թե՛ գոտեմարտերի ընթացքում, թե՛ մրցագորգից դուրս։
Նոյեմբերի 29-ին Չիկագոյում կայանալիք RAF 15 մրցաշարում Ծառուկյանը ուժերը կչափի UFC-ի նախկին չեմպիոն Էնթոնի Պետիսի հետ։ Սկզբնապես Պետիսի մրցակիցը պետք է լիներ հենց Սերոնեն, սակայն վերջինս ընտանեկան հանգամանքների պատճառով հրաժարվել է մասնակցությունից, ինչից հետո կազմակերպիչները նրան փոխարինելու առաջարկ են արել Ծառուկյանին։
RAF լիգայում ելույթների ընթացքում հայ մարտիկն արդեն հասցրել է գոտեմարտեր անցկացնել Յուրայա Ֆեյբերի և Դիլոն Դենիսի հետ։ Երկու դիմակայություններն էլ չեն անցել առանց միջադեպերի և ավարտվել են մասնակիցների միջև քաշքշուկով։ Հենց այս դրվագներն են հարուցել Սերոնեի զայրույթը, որը կարծում է, թե Պետիսը պետք է պատրաստ լինի Ծառուկյանի սադրանքներին։
«Ես նման պահվածք չէի հանդուրժի։ Նա լավ ըմբիշ է, բայց միևնույն ժամանակ՝ անիծյալ ապուշ։ Ես հաջողություն եմ մաղթել Էնթոնիին և նախազգուշացրել նրան։ Եթե իմ կամքով լիներ, հաշիվներ կմաքրեի թե՛ Արմանի, թե՛ նրա ամբողջ թիմի հետ։ Բավական է հիշել թեկուզ այն, թե ինչպես նա Յուրայային հրեց ու գցեց հարթակից։ Կան նմանատիպ բազմաթիվ դրվագներ, որոնք ինձ անկեղծորեն վրդովեցնում են»,- The Fight Guys փոդքասթի եթերում հայտարարել է Սերոնեն։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն օկտագոն է դուրս եկել 2026 թվականի սեպտեմբերին՝ UFC 331 մրցաշարում առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով Մաուրիսիո Ռուֆիին։ Ընդհանուր առմամբ, հայ մարտիկի ակտիվում կա 24 հաղթանակ և 3 պարտություն։




























































