Եվրոպա լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» Պորտուգալիայում կհյուրընկալվի տեղի «Տորենսեին»։ Առաջիկա մրցավեճին ընդառաջ պորտուգալական առաջատար լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են հայկական ակումբի ելույթները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի աշխատանքին, թիմի ներքին առաջնության արդյունքներին և կազմում հանդես եկող պորտուգալացի լեգեոներներին։
Դեռ հոկտեմբերի 26-ին հեղինակավոր A Bola պարբերականն անդրադարձել էր Հայաստանի առաջնության առաջատար «Նոայի» նկատմամբ «Արարատ-Արմենիայի» տարած հաղթանակին (2։1)՝ հոդվածը վերնագրելով․ «Ուշադրությո՛ւն, «Տորենսե»․ Տուլիպայի «Արարատ-Արմենիան» հաղթել է առաջնության առաջատարին»։ Պարբերականը նշել էր, որ Սանդրո Լիմայի և Ժիրայր Շաղոյանի գոլերի շնորհիվ հայկական ակումբը կրճատել է միավորների տարբերությունը առաջատարից, իսկ մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս եկել պորտուգալացիներ Հուգո Օլիվեյրան և Բրունո Պերեյրան։
Տուլիպան՝ իր նախկին ակումբի մասին․ «Նրանք լավ կառուցված թիմ ունեն»
Պորտուգալական Bola na Rede հարթակն ավելի վաղ ծավալուն հարցազրույց էր անցկացրել Մանուել Տուլիպայի հետ։ 40-րոպեանոց զրույցի ընթացքում մասնագետը խոսել է նաև առաջիկա մրցակցի՝ «Տորենսեի» մասին, որտեղ նախկինում աշխատել է և քաջածանոթ է ակումբի ներքին խոհանոցին։
«Մարզական առումով «Տորենսեն» Պորտուգալիայի լավագույն ակումբներից է։ Ես շատ բարձր եմ գնահատում նրանց մարզական տնօրեն Սաբինոյի և սկաուտական բաժնի աշխատանքը։ Նա հիանալի տիրապետում է տրանսֆերային շուկային և հստակ գիտի, թե ինչպիսի ֆուտբոլիստներ են անհրաժեշտ երկրորդ դիվիզիոնում պայքարելու և հետագայում ակումբին ֆինանսական օգուտ բերելու համար»,- նշել է Տուլիպան՝ հավելելով, որ ակումբը զգալի առաջընթաց է գրանցել նաև ակադեմիայի ու կանանց ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։
Անդրադառնալով առաջիկա դիմակայությանը՝ պորտուգալացի մարզիչը խոստովանել է, որ ուրախ է հայրենիք վերադառնալու համար․
«Ինձ համար ցանկալի էր մրցել պորտուգալական թիմի դեմ, հատկապես՝ նախկին ակումբիս։ Կարծում եմ՝ «Տորենսեին» երկար ժամանակ պետք չի գա Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոն վերադառնալու համար, քանի որ այնտեղ գրագետ կառավարիչներ են աշխատում։ Մենք խաղադաշտ ենք դուրս գալու հաղթանակի համար, թեև հեշտ չի լինելու․ մրցակիցը լավ կառուցված թիմ և որակյալ կազմ ունի։ Հետաքրքիր խաղ է սպասվում, և ես կցանկանայի, որ երկու թիմերն էլ հաղթահարեին այս փուլը»։
Նպատակը՝ 8-9 միավոր Եվրոպա լիգայում և չեմպիոնական տիտղոսի պաշտպանություն
Նույն հարցազրույցում «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը բացահայտել է մրցաշրջանի հիմնական թիրախները։ Ըստ Տուլիպայի՝ նվազագույն խնդիրն արդեն կատարված է՝ թիմը հաղթահարել է որակավորման փուլերն ու մտել Եվրոպա լիգայի հիմնական փուլ, սակայն հավակնությունները դրանով չեն սահմանափակվում.
«Մեր գլխավոր նպատակը երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոն դառնալն է, ինչպես նաև պայքարելը երկրի Գավաթի ու Սուպերգավաթի համար։ Իսկ Եվրոպա լիգայում ձգտում ենք վաստակել առնվազն 8-9 միավոր՝ լավագույն 24 թիմերի թվում հայտնվելու և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար»։
Մարզիչը ներկայացրել է նաև իր խաղային փիլիսոփայության երեք հիմնասյուները՝ բարձր պրեսինգ սեփական դարպասից հեռու, գնդակի կորստից հետո արագ վերադարձ և խաղի վերահսկում՝ կոմբինացիոն ֆուտբոլի միջոցով։ Նա շեշտել է, որ մրցակցին հարմարվելու տակտիկական ճկունությունը երբեք չպետք է վնասի թիմի սեփական խաղային ձեռագրին։
Պորտուգալական համայնքը հայկական ակումբում և վերջին հաղթանակը
Պորտուգալական Dia de Jogo պարբերականն իր հերթին «Արարատ-Արմենիան» բնութագրել է որպես ընդգծված պորտուգալական ձեռագիր ունեցող թիմ՝ հիշեցնելով, որ Տուլիպայի գլխավորությամբ ակումբում հանդես է գալիս հինգ պորտուգալացի ֆուտբոլիստ՝ Հուգո Օլիվեյրան, Բրունո Պերեյրան, Բրունո Վիլսոնը, Բենին և Զիդան Բանջաքին։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Գանձասարի» նկատմամբ տարած վստահ հաղթանակին (3։0)։ RTP հեռուստաընկերությունը և Notícias ao Minuto-ն նշել են, որ հայկական թիմը բարձր տրամադրությամբ է մեկնում Պորտուգալիա՝ ներքին առաջնությունում 29 միավորով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը և ընդամենը 2 միավորով զիջելով «Նոային»։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի մեկնարկային երեք տուրերից հետո «Արարատ-Արմենիան» դեռ միավոր չի վաստակել, մինչդեռ «Տորենսեն» ունի 3 միավոր։ Կողմերի միջև հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին Լեյրիա քաղաքի «Դոկտոր Մագալյաեշ Պեսոա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին (00։00)։




























































