Իսպանիայի Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը՝ մեղադրելով «արքայական» ակումբին իսպանական առաջնության հեղինակությանը և տնտեսական շահերին վնաս հասցնելու մեջ։
Նոյեմբերի 2-ին Բարսելոնայում կայացած «World in Progress 2026» միջազգային համաժողովի ընթացքում Տեբասը ծավալուն անդրադարձ է կատարել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի վարած քաղաքականությանը, Նեգրեյրայի գործին, մրցավարների վրա գործադրվող ճնշումներին, ինչպես նաև Կիլիան Մբապեի հայտարարությունների հետևանքով Չինաստանում հասունացած սկանդալին։ Լա Լիգայի ղեկավարը համոզված է, որ մադրիդյան ակումբի գործողությունները վաղուց դուրս են եկել սպորտային տարաձայնությունների շրջանակից և հարվածում են ամբողջ իսպանական ֆուտբոլին։
Տեբասի գլխավոր քննադատությունն ուղղված էր «Ռեալի» ղեկավարության ռազմավարությանը։ Ըստ նրա՝ մադրիդյան ակումբը հետևողականորեն փորձում է թուլացնել Լա Լիգայի դիրքերը՝ նախապատվությունը տալով միջազգային այլ նախագծերի զարգացմանը.
«Սա հստակ ռազմավարություն է, որի նպատակն է խոչընդոտել Լա Լիգայի զարգացմանը և նվազեցնել դրա դերը համաշխարհային ֆուտբոլում։ «Ռեալի» նախագահին ավելի շատ գրավում են այնպիսի գերմրցաշարեր, ինչպիսիք են Սուպերլիգան կամ Աշխարհի ակումբային առաջնությունը։ Ես տեսնում եմ այդ քաղաքականությունը, բայց չեմ հասկանում այն, քանի որ նրանք վնասում են ոչ միայն Լա Լիգային, այլև Իսպանիայի բոլոր ակումբներին»։
Լա Լիգայի նախագահը մտահոգություն է հայտնել նաև հեռուստահեռարձակման իրավունքների արժեքի պահպանման վերաբերյալ՝ ընդգծելով, որ առաջնության վարկաբեկումն ուղղակիորեն հարվածում է մրցաշարի ֆինանսական կայունությանը։
Անդրադառնալով Նեգրեյրայի գործին՝ Տեբասը մեղադրել է «Ռեալին» թեման արհեստականորեն շահարկելու և «Բարսելոնայի» վրա ճնշում գործադրելու մեջ։ Նա հիշեցրել է, որ գործն արդեն դատարանում է, և Լա Լիգան դատավարությանը ներգրավվել է նույնիսկ ավելի վաղ, քան մադրիդյան ակումբը.
«Նեգրեյրայի թեման անվերջ ձգձգվում է, ինչն անընդունելի է։ Ժամանակին «Ռեալի» նախագահն ակումբի ժողովներից մեկում հայտարարում էր, թե «Բարսելոնան» իրենց բարեկամ ակումբն է, քանի դեռ կատալոնացիները Սուպերլիգայի նախագծի մաս էին կազմում։ Սակայն հենց «Բարսելոնան» լքեց այդ նախագիծը, ամեն ինչ կտրուկ փոխվեց»։
Տեբասի խոսքով՝ «Ռեալը» փորձում է խեղաթյուրել իրականությունը և կասկածի տակ դնել իսպանական մրցավարական համակարգի անաչառությունը՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե Նեգրեյրան անձամբ է ներկա եղել մադրիդյան թիմի բոլոր խաղերի մրցավարական հանդերձարաններում։
Խոսելով «Real Madrid TV»-ի եթերում մրցավարների դեմ տարվող արշավի մասին՝ Լա Լիգայի ղեկավարը նշել է, որ քննադատությունը ֆուտբոլի բնական մասն է, սակայն չի կարելի կասկածի տակ դնել մրցաշարի ազնվությունը.
«Անընդունելի է պնդել, թե մրցավարներն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում են և միտումնավոր որոշումներ կայացնում քո դեմ, առավել ևս, երբ ցուցադրում ես միայն սեփական թիմի մասնակցությամբ դրվագները»։
Որպես օրինակ՝ Տեբասը հիշատակել է «Ռասինգի» դեմ «Ռեալի» հանդիպումը, որտեղ մրցավար Մունուերա Մոնտերոն 11-մետրանոց էր նշանակել Կիլիան Մբապեի նկատմամբ խախտման համար։ Լա Լիգայի նախագահի գնահատմամբ՝ այդ դրվագում 11-մետրանոց նշանակելու որևէ հիմք չկար։
Համաժողովում քննարկվել է նաև Տեբասի նկատմամբ հնարավոր կարգապահական վարույթը։ Ավելի վաղ Իսպանիայի Բարձրագույն սպորտային խորհուրդը (CSD) Սպորտային վարչական դատարան (TAD) էր փոխանցել Լա Լիգայի նախագահի դեմ բողոքը՝ կապված նրա այն հայտարարության հետ, որտեղ նա «Ռեալի» տեղեկատվական մեթոդները համեմատել էր նացիստական Գերմանիայի քարոզչական մեխանիզմների հետ։ Տեբասը պարզաբանել է, որ ոչ ոքի նացիստ չի անվանել, այլ զուգահեռ է անցկացրել հաղորդակցման մեթոդների միջև.
«Ես դեռ պաշտոնական ծանուցում չեմ ստացել։ Սա ինձ պաշտոնանկ անելու արդեն իններորդ կամ տասներորդ փորձն է։ Նրանք ամեն օր փորձում են հարվածել ինձ և հասնել իմ հեռացմանը միայն այն պատճառով, որ չեն կարողանում վերահսկել ինձ»։
Տեբասն արձագանքել է նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի դժգոհություններին, թե առաջնության խաղացանկը հաճախ անբարենպաստ պայմաններ է ստեղծում մադրիդյան թիմի համար.
«Թող այդ մասին հարցնի Էմիլիո Բուտրագենյոյին։ Նրանք, ինչպես մյուս բոլոր ակումբները, պարբերաբար դիմում են խաղերի ժամերը փոխելու խնդրանքով. երբեմն հնարավոր է ընդառաջել, երբեմն՝ ոչ։ Իսպանիան Չեմպիոնների լիգայում ունի հինգ ներկայացուցիչ, որոնք խաղում են երեքշաբթի կամ չորեքշաբթի օրերին, ուստի բոլորին գոհացնելն անհնար է։ Մոուրինյոն դա շատ լավ գիտի. Պրեմիեր լիգայում աշխատելիս նրա թիմերը երբեմն խաղադաշտ են դուրս եկել ընդամենը 48 ժամ ընդմիջումով»։
Ելույթի առանցքային թեմաներից էր Կիլիան Մբապեի շուրջ Չինաստանում բարձրացած աղմուկը։ Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը հարցազրույցներից մեկում, մեկնաբանելով համացանցային հումորային մեմը, որտեղ իր դեմքը տեղադրված էր Մաո Ցզեդունի նկարի վրա, օգտագործել էր «չինացի բռնապետ» արտահայտությունը։ Դա հարուցել էր չինական մեդիայի և գործընկեր ընկերությունների զայրույթը։ Թեև Մբապեն, «Ռեալը» և Լա Լիգան պաշտոնապես ներողություն էին խնդրել, ճգնաժամը դեռ չի հանգուցալուծվել։
«Լա Լիգան անմիջապես ներողություն խնդրեց։ Ես մշտական կապի մեջ եմ Չինաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ թե՛ Մադրիդում, թե՛ Պեկինում, որպեսզի օր առաջ հարթենք իրավիճակը», – նշել է Տեբասը՝ հավելելով, որ Չինաստանում ցուցադրվել են տուրի բոլոր խաղերը, բացառությամբ «Ռասինգ» – «Ռեալ» հանդիպման։
Իսպանական մամուլի տեղեկություններով՝ չինական պետական CCTV հեռուստաընկերությունը դադարեցրել է Լա Լիգայի խաղերի ցուցադրությունը, իսկ Migu թվային հարթակը եթերային ցանցից հեռացրել է «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումների մի մասը։ Ըստ «EL ESPAÑOL»-ի՝ սահմանափակումները կարող են տարածվել նաև մադրիդյան ակումբի եվրագավաթային խաղերի վրա, ինչը լուրջ ֆինանսական հարված կլինի թե՛ ակումբի, թե՛ ամբողջ իսպանական առաջնության համար։
























































