Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մոտենում է ավարտին ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր՝ մրցումային նախավերջին օրը, պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի վերջին երեք ներկայացուցիչները։
Գորգ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը և 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար գոտեմարտել էր 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ Հայ ըմբիշն իր կարիերայում առաջին անգամ էր դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ պարտություն կրեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթից և բավարարվեց արծաթե մեդալով։
Ինչ վերաբերում է երեկ պայքարի մեջ մտած մեր մյուս ըմբիշներին, ապա 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պարտվել էին 1/8 եզրափակիչում և, քանի որ նրանց հաղթած մրցակիցները չէին հասել եզրափակիչ, հայ մարզիկները հետագայում սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն չստացան։



























































