Մադրիդի «Ռեալը» պարտավորվել է 2,5 միլիոն եվրո վճարել «ՌԲ Լայպցիգին», եթե Կոտ դ’Իվուարի հավաքականի 19-ամյա վինգեր Յան Դիոմանդեն առաջիկա տարիներին նվաճի «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆիլիպ Հայնցը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Դիոմանդեի՝ գերմանական ակումբից «Ռեալ» տեղափոխության համաձայնագիրը ներառում է 125 միլիոն եվրոյի ֆիքսված տրանսֆերային գումար և ևս 15 միլիոն եվրոյի հնարավոր բոնուսներ։
Դրանց թվում նախատեսված է նաև պարգևավճար՝ «Ոսկե գնդակը» նվաճելու դեպքում։
Ընթացիկ մրցաշրջանում Դիոմանդեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի ամառը։


























































