Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ ակումբի մարզաբազայում կորցրել է գիտակցությունը:
Ըստ գերմանական BILD և Sky Sport Germany պարբերականների տեղեկությունների՝ 40-ամյա բելգիացի մասնագետին շտապօգնության բժիշկների օգնություն է պահանջվել: Նա հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով, իսկ մինչ այդ՝ Զեբեներշտրասեում գտնվող մարզաբազայի տարածքում նույնիսկ բժշկական ուղղաթիռ էր վայրէջք կատարել։
Վերջին օրերին Կոմպանին առողջական լուրջ խնդիրներ ուներ վիրուսային վարակի պատճառով: Դեռևս հոկտեմբերի 17-ին՝ Բունդեսլիգայի «Լայպցիգի» դեմ խաղի ժամանակ, նա գանգատվում էր կոնքազդրային հոդի շրջանում սուր ցավերից. նշվում էր, որ վարակը բարդություններ է առաջացրել հին սպիացած հյուսվածքների վրա, ինչի պատճառով մարզչի համար դժվար է եղել անգամ աստիճաններով բարձրանալը։ Այդ խաղի ընդմիջմանը և դրանից հետո նա հանգստացել է մարզչական սենյակում և բաց է թողել հետխաղյա մամուլի ասուլիսը։
Դրան հաջորդած օրերին մարզիչը բաց էր թողել թիմի մարզումները, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի՝ Լոնդոնի «Արսենալի» (2-2) դեմ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսը, սակայն չորեքշաբթի կայացած խաղում վերադարձել էր պահեստայինների նստարան՝ թիմի ղեկավարումն անձամբ ստանձնելու համար։ Անգլիական ակումբի դեմ խաղից հետո Կոմպանին խոստովանել էր, որ անտեսել է սեփական օրգանիզմի ահազանգերը։
Ներկայումս մարզչի առողջական վիճակի և հոսպիտալացման հստակ պատճառների մասին պաշտոնական հայտարարություն ակումբը դեռ չի տարածել։
Նշենք, որ կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, «Բավարիան» Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակներում արտագնա խաղում պետք է մրցի «Ֆրայբուրգի» հետ։ Այս պահին մյունխենյան գրանդը 14 միավորով գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 6 տուրերից հետո խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ գերազանցելով հավասար միավորներ վաստակած Դորտմունդի «Բորուսիային»։


























































