Լոնդոնի «Չելսին» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ մանրամասներ հայտնելով թիմի արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի առողջական վիճակի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը լուրջ վնասվածք էր ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ հաղթական հանդիպման ընթացքում (2:0):
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ «Հիլ Դիքինսոն» մարզադաշտում կայացած խաղի երկրորդ խաղակեսի միջնամասում։ Մարտինեսը ծանր բախվել է մրցակցի պաշտպան Ջարադ Բրանթուեյթին, ինչից հետո չի կարողացել շարունակել հանդիպումը. արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով։
Ֆուտբոլիստն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց՝ խորացված հետազոտության, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է վիրահատական միջամտություն պահանջող ծնոտի կոտրվածք։
«Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ծնոտի կոտրվածքից հետո բարեհաջող վիրահատության է ենթարկվել։ «Չելսիում» բոլորը Էմիին մաղթում են շուտափույթ ապաքինում և կաջակցեն նրան վերականգնման ողջ ընթացքում», — ասված է «կապույտների» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 34-ամյա Էմիլիանո Մարտինեսը լոնդոնյան ակումբի գույները պաշտպանում է 2026 թվականի օգոստոսից։ Նմանատիպ վնասվածքների պատճառով վերականգնման համար նվազագույնը անհրաժեշտ է լինում մոտ 4-ից 6 շաբաթ։




























































