Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանի երիտասարդական ընտրանին շարունակում է իր մեդալաշատ ընթացքը։
Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտան 75 կգ քաշային երիտասարդ ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում՝ գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ և 146 կգ ծանրաձողերը, ու արժանացավ փոքր ոսկե մեդալի: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 170 կգ և 176 կգ՝ կրկին դառնալով փոքր ոսկե մեդալակիր: Երկամարտի 322 կգ ընդհանուր արդյունքով Նարեկ Գրիգորյանը հռչակվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին:
Հավաքականի մյուս անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գրանցեց 130 կգ և 136 կգ արդյունք, իսկ հրում վարժության ընթացքում գլխավերևում պահեց 165 կգ ծանրաձողը: Երկամարտի 299 կգ արդյունքով Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ մրցումային այս օրը ավելի վաղ Մ-23 տարեկանների 57 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 202 կգ արդյունքով հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ երիտասարդների 70 կգ քաշային կարգում Սամվել Մարտիրոսյանը երկամարտի 296 կգ արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր:


























































