ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած UFC 331 մրցաշարում Արման Ծառուկյանի տպավորիչ հաղթանակն անտարբեր չի թողել խառը մենամարտերի աշխարհի ներկայացուցիչներին։
UFC-ի միջին քաշային կարգի նախկին չեմպիոն և ներկայիս դասակարգման առաջին համար Խամզաթ Չիմաևը չափազանց բուռն է արձագանքել հայ մարտիկի հաջողությանը։ Համացանցում տարածված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Չիմաևը էմոցիոնալ կերպով տոնում Ծառուկյանի հաղթանակը՝ բարձրանալով օկտագոնի ցանցի վրա։ Դրանից հետո մարտիկները ջերմորեն գրկախառնվում են։
Հատկանշական է, որ Չիմաևի և Ծառուկյանի մասնակցությամբ այս տեսանյութը հավանել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ և սաուդյան «Ալ-Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Հիշեցնենք, որ UFC 331 խոշոր մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտում թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հենց առաջին ռաունդում արմունկի շեշտակի հարվածներով նոկաուտի էր ենթարկել բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։ Իր փայլուն հաղթանակից անմիջապես հետո 29-ամյա հայ մարտիկն անսպասելիորեն մարտահրավեր էր նետել Meta ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։
View this post on Instagram
























































