UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը մեկնաբանել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ տարած փայլուն հաղթանակը UFC 331 մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտում՝ անսպասելիորեն մարտահրավեր նետելով Meta ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։
«Մեծ շնորհակալություն, Լոս Անջելես։ Սիրում եմ ձեզ, ժողովուրդ։ Այսօր Լոս Անջելեսը հիանալի երեկո անցկացրեց։ Բնականաբար, տիտղոսային մենամարտի իրավունք վաստակելու համար ինձ վաղաժամ և վառ հաղթանակ էր պետք։ Իմ ժամն եկավ արդեն առաջին ռաունդում, ինքներդ ամեն ինչ տեսաք։ Արմունկով առաջին հարվածը մի մարզչիս աշխատանքի արդյունքն էր, երկրորդը՝ մյուսի։ Մարկ Ցուկերբերգ, ես ուզում եմ մենամարտել քեզ հետ»,- նշել է Ծառուկյանը մենամարտից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ դիմակայությունն ավարտվել էր հայ մարտիկի վստահ հաղթանակով՝ հենց առաջին ռաունդում գրանցված ուղիղ նոկաուտով:
Այսպիսով, 29-ամյա Արման Ծառուկյանը խառը մարտարվեստներում (MMA) իր պրոֆեսիոնալ ռեկորդը հասցրեց 24 հաղթանակի (որոնցից 16-ը՝ ժամկետից շուտ)՝ իր ակտիվում ունենալով նաև 3 պարտություն։ 30-ամյա Մաուրիսիո Ռուֆին այժմ ունի 14 հաղթանակ (13-ը՝ ժամկետից շուտ) և արդեն 4 պարտություն։

























































