«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027/2028 մրցաշրջանի ավարտը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ֆուտբոլիստը խնդրել է իր գործակալներին բանակցություններ վարել ակումբի ղեկավարության հետ՝ իր միջնաժամկետ ապագան հստակեցնելու նպատակով։
Միևնույն ժամանակ, իսպանական El Nacional պարբերականը հաղորդում է այն թոփ-ակումբների մասին, որոնք պատրաստ են ձեռք բերել Ռաֆինյային, եթե նման հնարավորություն ընձեռվի։ Բրազիլացուն իր կազմում տեսնելու ցանկություն ունի ֆրանսիական ՊՍԺ-ն․ հարձակվողի խաղաոճը շատ է հավանում փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։
Տրանսֆերային պայքարին կարող են միանալ նաև Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը»։ Նշվում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող գրանդները պատրաստ են կրկնապատկել բրազիլացու աշխատավարձը՝ ներկայիս պայմանների համեմատ։
Այնուամենայնիվ, աղբյուրն ընդգծում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն իրեն լիովին երջանիկ է զգում «Բարսելոնայում» և առայժմ ակումբը փոխելու որևէ մտադրություն չի դրսևորել։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































