Մադրիդի «Ատլետիկոն» թույլ չտվեց Խուլիան Ալվարեսին տեղափոխվել «Բարսելոնա»՝ չնայած թիմը լքելու ֆուտբոլիստի մեծ ցանկությանը։ Մադրիդյան ակումբի դիրքորոշումը բավականին կոշտ էր, սակայն հիմնված էր գործող պայմանագրի վրա, որն անհնար էր շրջանցել։
Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է իսպանական Sport պարբերականը, ՖԻՖԱ-ն հունվարի 1-ից փոփոխություններ կմտցնի պայմանագրերի լուծարումը կարգավորող 17-րդ հոդվածում։ Կանոնների ուժի մեջ մտնելուց հետո ակումբները պետք է դրանց համապատասխանեցնեն իրենց համաձայնագրերը։ Փոփոխության էությունն է թույլ չտալ կողմերից մեկին արհեստականորեն ուռճացնել փոխհատուցման գումարը՝ գործարքը արգելափակելու նպատակով։
Կանոնները վերանայվում են մի շարք ձախողված տրանսֆերների պատճառով, որոնք տապալվել էին կա՛մ աստղաբաշխական հրաժարագների, կա՛մ բանակցություններ վարելուց ակումբների հրաժարվելու պատճառով՝ չնայած հեռանալու ֆուտբոլիստների հստակ ցանկությանը։ Հենց այս իրավիճակն էր ստեղծվել Խուլիան Ալվարեսի պարագայում։
ՖԻՖԱ-ն որոշել է վերաշարադրել 17-րդ հոդվածն այնպես, որ երկու կողմերը նախապես համաձայնեցնեն վնասը ծածկող փոխհատուցման չափը։ Նոր կանոններով նախատեսվում է երկու տարբեր սցենար՝ հրաժարագնի կետ ունեցող և չունեցող պայմանագրերի համար։
Առաջին դեպքում փոխհատուցումը հավասար կլինի պայմանագրում սահմանված գումարին, եթե միայն այն ակնհայտորեն ուռճացված և անարդարացի չէ։
Երկրորդ դեպքում ամեն ինչ մի փոքր ավելի բարդ է. փոխհատուցման չափը կախված կլինի մի շարք չափանիշներից՝ պայմանագրի մնացորդային արժեքից, ֆուտբոլիստի աշխատավարձից, տրանսֆերի պատճառով կրած ֆինանսական կորուստներից, փոխարինող ձեռք բերելու ծախսերից և ցանկացած ապացուցված վնասից։ Այժմ մնում է սպասել ՖԻՖԱ-ի պաշտոնական հայտարարությանը և հավելյալ մանրամասներին։
























































